Shabat.am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում այն շրջանառվող խոսակցություններին, թե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատրաստվում է Հայաստանում կուսակցություն ստեղծել:
«Եթե չեմ սխալվում, կուսակցությունների մասին օրենքով դրսի ֆինանսավորումը արգելվում է: Օրենդրորեն, մեզ որպես կուսակցություններ, արգելված է դրսից ստանալ նվիրատվություններ, արտասահմանից ունենալ մուտքեր և այլն: Նույնիսկ այն պարագայում, երբ այդ մուտքերը զուտ բարեգործական նպատակների համար են օգտագործվելու: Այլ երկրի քաղաքացին, նույնիսկ եթե երկքաղաքացի է, Հայաստանում կուսակցություն ինչպե՞ս է հիմնում, մի փոքր անհասկանալի է, ինչպես պետք է հետևվի, թե ֆինանսավորումը որտեղից է»,-ասաց նա:
Արամ Կարապետյանը ընդգծեց, որ կուսակցությունները ստեղծվում են քաղաքական գործունեության ու նաև իշխանության որոշակի լծակների տիրապետելու համար և նկատեց, որ այս դեպքում նոր սահմանադրությամբ դա անհնար է, քանի որ չորս տարի պետք է մշտական բնակվել Հայաստանում և լինել ՀՀ քաղաքացի , ինչպես նաև վարչապետ դառնալու համար ևս պետք է ՀՀ քաղաքացի լինել:
«Հին սահմանադրությամբ որպեսզի դու պատգամավոր դառնաս, հինգ տարի պետք է Հայաստանի քաղաքացի լինես և մշտական բնակվես Հայաստանում: Վարչապետ կարող ես լինել, բայց անպայման է, որպեսզի Հայաստանի քաղաքացի լինես: Այսինքն անհասկանալի կլինի, եթե վարչապետ նշանակվի երկքաղաքացի»,-ասաց Կարապետյանը, հավելով, որ թեև դա վարչապետի պարագայում այսօրվա սահմանադրությամբ հնարավոր է, բայց կիսանախագահական կառավարման համակարգում էլ վարչապետը որևէ լուրջ քաղաքական ռեսուրսի չի տիրապետում:
Նրա կարծիքով, այդ ամենը ընդամենը դառնում է PR ակցիա , այլ հարց է , թե ո՞ւմ է պետք այդ PR ակցիան:
«Օրենդրորեն և քաղաքականապես դա շատ բարդ ու անհասկանալի գործընթաց է, որի վերջն էլ չի երևում, առավելևս որ ժամանակին նույն մարդը, նույն ուժերը ֆինանսավորել են այլ ուժերի խորհրդարան անցնելու համար և ոչ մեկ չի անցել: Սա ավելի շատ ինչ-որ PR է, այ թե ո՞ւմ է պետք այդ PR-ը, մի փոքր դժվար է ասել»,-ասաց ՆԺԿ նախագահը, խորհուրդ տալով, սպասել: