Կարևոր իրադարձություններ

Ազատամարտիկը դիմում է վարչապետին (տեսանյութ, լուսանկարներ)

02 Փետրվար, 2017 18:02
Ազատամարտիկը դիմում է վարչապետին (տեսանյութ, լուսանկարներ)

56-ամյա ազատամարտիկ Գագիկ Խաչատրյանը հաշմանդամություն ունի, ապրում է խոնավ տան մեջ և արդեն մի քանի ամիս է, ինչ զրկված է բնական գազից՝ 25 հազար դրամի պատճառով: Բանն այն է, որ միայնակ ապրող ազատամարտիկն ի վիճակի չի եղել վճարել բնական գազի դիմաց կուտակված 25 հազար դրամ պարտքն, որի պատճառով գազն անջատել են: Ազատամարտիկը նշում է, որ դիմել է պատկան մարմիններին, սակայն խնդրին որևէ լուծում չի տրվել:

Գագիկ Խաչատրյանը Shabat.am-ին պատմեց, որ 2016թ. մարտ ամսից բնական գազ չունի: Քառօրյա պատերազմի օրերին որպես կամավոր Լեռնային Ղարաբաղ մեկնած ազատամարտիկը վերադառնալով Երևան ամիսներ անց՝ նոյեմբերին, դատարանից ծանուցում է ստացել՝ պարտքը չվճարելու վերաբերյալ:

Խաչատրյանը հավելում է, որ գնացել է գազի գրասենյակ և պարտքը վճարելու համար ժամանակացույց խնդրել, սակայն մերժում է ստացել:

Վատառողջ ազատամարտիկը ստացած թոշակով չի կարողանում հոգալ իր կենսապայմանները, գնել անհրաժեշտ դեղորայքը և վճարել կոմունալ վարձերը:

Խաչատրյանն ընդգծում է, որ իր համար ամենավիրավորականն անտեսված լինելն է: «Կարող էի ընկերներիցս այդ գումարը վերցնել ու վճարել, բայց ինչու՞: Ես պատիվ, արժանապատվություն ունեմ: Մի՞թե այս երկրի համար ոչինչ չեմ արել, որպեսզի ինձ ընդառաջեն, ախր խոսքն ընդամենը 25 հազար դրամի մասին է»,- երկմտում է ազատամարտիկը:

 

 

 

Անուշ Հարությունյան

Խաչատուր Կոճիբրոյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին