Շաբաթ երեկոյան՝ Բելառուսի նախագահական ընտրությունների նախօրեին, բելառուսական ընդդիմության ղեկավարների կոչով ավելի քան 1,5 հազար մարդ անցել են Մինսկի կենտրոնով` պահանջելով նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը և առանց կեղծիքների ազատ ընտրություններ՝ հայտնում է korrespondent.net-ը: Այդքան մեծաքանակ բողոքի երթ առաջին անգամ է տեղի ունենում՝ 2010 թվականի դեկտեմբերի 19-ի անցած նախագահական ընտրություններից հետո: Այն ժամանակ հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել էին, որոնց մեջ էին նաև նախագահական աթոռի պայքարում Լուկաշենկոյի հակառակորդներ:
Հավաքվածների առաջ շաբաթ օրը երեկոյան Մինսկի Ազատության հրապարակում ելույթ են ունեցել 2010 թվականին նախագահի նախկին թեկնածու, բանաստեղծ Վլադիմիր Նեկլյաևը, քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկևիչը, Միացյալ քաղաքացիական կուսակցության առաջնորդ Անատոլի Լեբեդկոն:
Ընդդիմադիրները գործող իշխանությանը մեղադրել են ժողովրդավարական փոփոխությունների իրականացման ցանկության բացակայության, քվեարկության տվյալների կեղծման և քաղաքական հակառակորդների հետապնդման մեջ: Նրանցից բոլոր երեքն էլ նախկինում բանտարկվել են՝ 2010 թվականի ընտրությունների օրը բողոքի ցույցերին մասնակցելու համար:
Սակայն շաբաթ օրվա ցույցի կարգախոսը կոնկրետ ձևակերպված չէր: Նրանք քննադատել են իշխանությանը խոսքով և պաստառներով, սակայն ինչպես խոստովանել է Նիկոլայ Ստատկևիչը՝ այդ ընտրարշավը արդեն տանուլ է տրվել, քանի որ քվեաթերթիկներում չկան ժողովրդավարական թեկնածուների անուններ: