Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի-Երևան»-ը իմ ընտանիքում հենց ընտանեկան տոներից է. Կամսար Բաբինյան

10 Հոկտեմբեր, 2015 23:05
«Էրեբունի-Երևան»-ը իմ ընտանիքում հենց ընտանեկան տոներից է. Կամսար Բաբինյան

«Էրեբունի-Երևան 2797» տոնին ընդառաջ զրուցեցինք Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ

 

-Առողջապահության վարչությունն էլ է՞ «Էրեբունի-Երևան»-ի կազմակերպական աշխատանքներին մասնակցում. եթե այո, ապա ինչպե՞ս։

-Թե՛ որպես քաղաքապետարանի աշխատակազմի անդամ, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես բուժաշխատողներ, այո՛, մեր վարչությունն ու, առհասարակ, ոլորտի բոլոր աշխատակիցները մասնակցում են տոնին։ Նշեմ, նաև որ Երևանի շտապ օգնություն ծառայությունը հերթապահում է տոնական օրերի զանգվածային միջոցառումների վայրերում։ Իսկ որպես քաղաքացի՝ «Էրեբունի-Երևան»-ը իմ ընտանիքում հենց ընտանեկան տոներից է, ընդ որում՝ մինչ քաղաքապետարանում աշխատելս էլ է այդպես եղել։

«Էրեբունի-Երևան»-ն այն տոներից է, որ պիտի երեխայիդ  ձեռքը բռնած տանես տանակատարության, որը նաև պատմության մեծ դաս է երեխայի համար. այդպես ծնողներս էին անում, երբ փոքր էի, բայց ավելի մեծ ոգևորությամբ դա անում էր պապս։ Առհասարակ՝ տոնը, ուրախությունը դրական լիցքեր է հաղորդում մարդուն, և որպես բժիշկ կարող եմ ասել, որ շատ առողջարար է։ Պատահական չէ, որ ասում եմ ժպիտը, ծիծաղը երկարացնում է կյանքը։

 

-Բայց ուրախ լինելու համար միայն տոնը բավարար չէ. ուրախությունը, տոնը պետք է մարդու ներսում լինի, չէ՞։

- Դրական էմոցիաներ ստանալու առիթներ բավականին շատ կան, որ հաճախ անտեսվում են: Խորհուրդ կտամ չլինել անտարբեր ու փորձել հնարավորին շատ նկատել լավն ու դրականը։ Ինձ համար նման օրինակներից է ամեն երկուշաբթի, աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախորդ շաբաթ ծնված երեխաների թիվը զեկուցելը. մի կողմից դա վիճակագրություն է, բայց երբ այն դիտարկում ես լավի ու դրականի համատեքստում, ապա միանգամից հասկանում ես, որ այդ վիճակագրությունը նաև նշանակում է այդքան թվով հայ ընտանիքներում մեծ երջանկություն, ինչը չի կարող ուրախություն չպարգևել նաև մեզ։ Ի դեպ, թեման շարունակելով ասեմ, որ ի ուրախություն բոլորիս, արդեն երկրորդ տարին է մենք ունենք ծնելիության կայուն աճ։ Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն 400-ով ավել ծնունդ ունենք։  

 

-Իսկ Երևանի առողջապահության ոլորտում անցած տարվա համեմատ ի՞նչ առաջընթաց ունե՞նք։

-Արդեն երեք տարի է, ինչ քաղաքապետարանն առողջապահության ոլորտում մեծ ծրագրեր է իրականացնում՝ պոլիկլինիկաներին թանկարժեք սարքավորումներով ապահովելով, այդ հաստատությունների շենքերը վերանորոգելով։ Շատ ենք նշել, համեմատել, բայց իրոք,՝ խորհրդային տարիներից ի վեր նման մասշտաբի աշխատանք պոլիկլինիկաներում չէր իրականացվել։ Եվ սա, իհարկե, քաղաքապետարանի շարունակական ծրագրերից է։ Մի խոսքով՝ ոլորտի առաջընթացն ապահովող ծրագիրը հիմնադրվել է ու հաջող ընթացք ունի, և համարում եմ, որ սա էլ առիթներից հերթականն է, որ մեր ոլորտի աշխատակիցները լիաթոք ուրախությամբ կմասնակցեն տոնին։

Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլորիս և վաղը մաղթում բազում դրական լիցքեր:

 

Լրահոս

Դիտել ավելին