Իսպանական քաղաքացիական գվարդիան և Իտալիայի Առափնյա անվտանգությունը Լիբիայի ափերի մոտ փրկել են 523 ներգաղթյալների՝ հայտնում է RIA Novosti-ն:
Միջերկրական ծովում Triton փրկարարական գործողությանը մասնակցել են Իսպանական քաղաքացիական գվարդիային պատկանող Rio Segura և իտալական Nave Corsi նավերը:
Rio Segura-ն Տրիպոլիից 25 ծովային մղոն հեռավորության վրա հայտնաբերել է մի քանի նավակ, որոնցում եղել են 325 մարդ: Իտալական Nave Corsi-ն ծովում հայտնաբերել է 198 մարդ և օգնություն խնդրել իսպանական նավից:
Արդյունքում 523 ներգաղթյալ հասցվել են ափ, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Փրկվածների թվում եղել են Նիգերիայի, Գամբիայի, Սենեգալի, Լիբիայի, Գվինեա-Բիսաուի, Հասարակածային Գվինեայի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ: