Կարևոր իրադարձություններ

Business Insider. ՄԱՊ խմիչքների բրենդային անվան գաղտնիքը բացահայտում է 22 տարեկանում տնօրեն դարձած ժառանգը (ֆոտոշարք)

09 Հոկտեմբեր, 2016 21:11
Business Insider. ՄԱՊ խմիչքների բրենդային անվան գաղտնիքը բացահայտում է 22 տարեկանում տնօրեն դարձած ժառանգը (ֆոտոշարք)

Shabat.am լրատվական կայքի Business Insider նախագծի շրջանակներում ներկայացնում ենք ՄԱՊ գինու և կոնյակի գործարանի ստեղծման պատմությունն ու առաջիկա անելիքները:

ՄԱՊ-ի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյան է, սակայն ընկերությունն այժմ ղեկավարում է նրա որդին՝ Մակար Պետրոսյանը:

Shabat.am-ի զրուցակիցն է Մակար Պետրոսյանը: 

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս ստացվեց, որ երիտասարդ տարիքում Ձեզ վստահվեց նման մեծ ընկերության ղեկավարումը:

 -Բիզնես ղեկավարել սկսել եմ երիտասարդ տարիքից, երբ 22 տարեկան էի, բայց պետք է ասեմ, որ դա չի եղել իմ շնորհքը, եղել է հայրիկիս նախաձեռնությամբ, քանի որ այն ժամանակ ես երիտասարդ էի, նոր էի ավարտել ինստիտուտն ու ուժերիս վրա այդքան էլ վստահ չէի և չգիտեի անելիքներս: Պետք էր ոգևորող մարդ, ով կասեր, որ կարող ես լինել այս տեղում և կատարել այն աշխատանքը, որն անհրաժեշտ է: Այդ մարդն իմ հայրն է, ումից ես ամբողջ կյանքս սովորել եմ: Ինստիտուտն ավարտելուց հետո ես տեղափոխվեցի ՄԱՊ ընկերություն, սկզբում՝ գովազդ բաժնի ղեկավար, հետո փոխտնօրեն, այնուհետև՝ ղեկավար:

-Ո՞ր թվականի նստեղծվեց ՄԱՊ-ը:

-Ինչ վերաբերում է գործարանին, ապա այն կառուցվել է 1942-1944թթ.-ին, դեռ այդ ժամանակ կոչվում էր Հոկտեմբերյանի գինու գործարան: 1995թ.-ին ընկերությունը սեփականաշնորհվեց ու վերանվանվեց ՄԱՊ ՓԲԸ:

-Ու՞մանունով է այն կոչվում:

-Անվանում ուղղակիորեն կապված է իմ պապիկի հետ՝ Մակար Ալեքսանի Պետրոսյան, այն կոչվել է նրա պատվին: Ես ժառանգել եմ նրա անունն ու դարձել եմ պարտավորությունների, պարտականությունների և պատվի կրողը: 

-Ձեր հայրը ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն էի՞նչ դերակատարում է ունեցել նա այս բիզնեսում :

-Նրա դերակատարումը միշտ եղել է, կա ու կլինի` ընկերության կառուցման, ընտանիքի արժանապատվությունը պահելու մեջ: Մենք մեր բոլոր արժեքները, որը ժառանգել ենք, հայրիկս շնորհիվ է, այդ պատճառով էլ  ես բիզնեսը չեմ առանձնացնում, քանի որ այն ընտանեկան գործունեություն է և ուղղակի կապված է մեր ընտանիքի հետ: Այսինքն այն  արժեքները, որով մենք ապրում ենք, դրանք ներդրել ենք նաև մեր գործունեության մեջ: Հայրս մասնագիտությամբ գինեգործ է, 1978թ.-ից աշխատել է գործարանում, որն այն ժամանակ պետական էր, նա եղել է տնօրեն, իսկ 1995թ.-ին՝ սեփականատեր: Կարծում եմ՝ նրանից լավ մասնագետ և խորհրդատու ոչ կգտնենք, ոչ էլ՝ կունենանք: 

-Ի՞նչ խորհուրդներ է տալիս նա Ձեզ:

-Իմաստուն. Նրա խորհուրդներն անփոխարինելի են մեզ համար:  Խորհուրդն այն  է, որ իր մեջ խորը փիլիսոփայություն է կրում, հայրս ինչ-որ բան երբեք հենց այնպես չի ասում: Կարծում եմ՝ մարքեթինգային քայլերը դրանք խորհուրդներ չեն, դրանք իհարկե գումարներ են բերում, բայց դա այն խորհուրդը չէ, որի միջոցով մարդը կարող է արժեորվել: 

-ՄԱՊ ընկերությունը քանի՞ տեսակ գինի և կոնյակ է արտադրում:

- Հիմա արտադրում են 70 տեսակ գինի և կոնյակ, մրգային օղիներ, նաև պահածոներ: Արտահանում ենք Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ, Չինաստան:

-Երբևէ մտածե՞լ եք, որ կհասնեք նման հաջողությունների:

-Իհարկե մտածել ենք, ոչ մի բան պատահական չի լինում: Մենք բավականին մեծ դժավարություններ ենք ունեցել, քանի որ որակյալ ապրանք ունենալու համար պետք է շատ աշխատել: Կյանքում երբեք գլխապտույտ հաջողություններ չեն լինում: Ստեղծելը մի բան է, պահելը՝ այլ: Այսինքն կարող ես ստեղծել արժեքավոր ինչ-որ բան, բայց չկարողանաս պահել, քանի որ այն շատ բարդ է: 

-Գործարանը գտնվում է Լենուղի գյուղում, վայրը հատուկ է ընտրվե՞լ և գյուղի բնակիչները ներգրավածություն ունե՞ն գործարանի աշխատանքներում:

-Ի սկզբանե ասեմ, որ գործարանը կառուցվել է Սովետական միության ժամանակ և տեսնելով նրանց մոտեցումները՝ գործարանների վերաբերյալ, պետք է ասեմ, որ ոչ մի բան պատահական չի կառուցվել: Ամենինչ կառուցվել է ըստ նշանակության և վայրի: Մեր գործարանը գտնվում է Արարատյան դաշտավայրի սրտում և  բոլոր կողմերից շրջապատված ենք խաղողի այգիներով: Իսկ աշխատողները ոչ միայն Լենուղի, այլև՝ հարակից գյուղերից են: 

-Կա՞ն հատուկ պայմանավորվածություններ, որ հենց այդ գյուղերի խաղողներն եք վերցնում՝ մթերման համար:

-Մենք  ոչ միայն գյուղերի հետ պայմավորվածություն ունենք, այլ ունենք սեփական այգիներ,  բայց հիմնականում մթերում ենք գյուղացիներից: Կոնկրետ ֆերմերներ չկան, որովհետև մենք ոչ թե անհատի հետ ենք աշխատում, այլ իր մշակած խաղողի : Մեր գինեգործները շրջում են դաշտերով և ուսումնասիրում են խաղողը: 

 

-Ո՞րն է այն գագաթնակետը, որին պետք է հասնի ՄԱՊ ընկերությունը:

-Դա գրեթե նույնն է, ինչ ասեք, ո՞ր գագաթնակետին եք ցանկանում տեսնել Ձեր երեխային: Ինչքան աճ է գրանցվում, մտածում ես, որ կարող ես ավելի շատ աճել: Մեր ռազմավարությունը տարբեր է, մենք ունենք 1, 5 և 10 տարվա ռազմավարություն: Այսինքն 10 տարվա ծրագիրը դրանք խոշոր պրոեկտներն են, որոնք մենք կատարում ենք՝ հասկանալու համար, թե որտեղ ենք մեզ ցանկանում տեսնել: Բնականաբար, սա կարող է փոխվել, քանի որ երկրում փոփոխվում է նաև տնտեսական իրավիճակը: Հնարավոր չէ հաշվի չառնել տնտեսության անկումը, որովհետև այն անակնկալի է բերում բոլոր երկրներին: 

-Կխոսե՞ք այն ծրագրերի մասին, որոնք իրագործել եք վերջին մի քանի տարիների ընթացքում:

-Վերջին  5 տարիների ընթացքում մենք գործարանը վերազինել ենք նոր սարքավորումներով, որը մեծ նշանակություն ունի մեզ համար: Անդրադառնալով  ռազմավարության ծրագրի մասին, պետք է ասեմ, որ մենք փոխեցինք մեր ծրագրերը:  Գիտեք ճգնաժամը և՛ օգուտ է տալիս բիզնեսին, և՛ վնաս, այն կանգնեցնում է ֆինանսական խնդիրների առաջ, բայց ֆիլտրում է քո քայլերն ու մաքսիմալ արդյունավետությունն է բարձրացնում: Այն ընկերությունները, որոնք վերապրում են ճգնաժամը, դրա ավարտից հետո նրանց հետևից ոչ ոք չի կարողանում հասնել, որովհետև նրանք բոլոր նուրբ քայլերը գիտեն և կարողանում են ճիշտ կողմնորոշվել և արագ աշխատել: Մենք հիմնական հարվածը ստացանք ՌԴ-ի շուկայից և մինչև հիմա ստանում ենք, չնայած ՌԴ-ի շուկայի վիճակը փոքր ինչ բարելավվել է:

Ճգնաժամի ընթացքում մենք ռազմավարության երկու մոդել մշակեցինք՝  առաջինը, որ Ռուսաստանումունենանք, ոչ թե մեծածախ, այլ մանրածախ առևտուր: Դրա հաշվին մենք անցյալ տարվանից ՌԴ-ում սկսեցինք բացել ՄԱՊ ընկերության ֆիրմային խանութները: Ի դեպ ասեմ, որ առաջին մոնոբրենդն էինք, որը ներկայացնում է մեկ ապրանքանիշ ներկայացնող խմիչքների խանութ: Մինչև հիմա ունենք 3 խանութ, այս ծրագիրը մինչև 2025թ,-ն է, այդ ընթացքում պետք է ստեղծենք 300 խանութ:

Երկրորդ մոդելը՝ ԱՄՆ-ում բացեցինք մեծածախ առևտրի կետ, որի շնորհիվ կարտահանենք մեր ապրանքը: Մինչև հիմա մեր ապրանքը սպառում էինք գործընկերների միջոցով, բայց հիմա մեր սեփական վաճառքի ցանցն ենք ստեղծել:

-Ո՞րն է ՄԱՊ-ի կարգախոսը և արդյոք այն կարող է Ձեր կյանքի կարգախոսի հետ զուգահեռ ընթանալ:

-Առաջին հերթին՝ որակ, դա է ՄԱՊ-ի կարգախոսը և եթե փիլիսոփայորեն նայենք՝ մարդու կարգախոսն էլ կարող է դա լինել՝ այսինքն շփվել որակով մարդկանց հետ: 

-Հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

-Երկար աշխատանք, առանց շտապելու:

-Ձեզ համարու՞մ եք հաջողակ գործարար:

-Շատ հարաբերական հարց տվեցիք՝ նայած ում համեմատ: Թող անհամեստ չհնչի, բայց այո, մենք համարվում ենք հաջողակ, քանի որ այս դժվար պայմաններում կարողանում ենք ոտքի վրա կանգնած մնալ, չունենք մեծ բարդություններ, բայց այնպես էլ չէ, որ ամենինչ իդեալական է: Խնդիրներ միշտ էլ լինում են:

-Առաջին վաստակած գումարը:

-Չեմ կարող հիշել, թե որքան է եղել, քանի որ աշխատավարձով չեմ աշխատել, որովհետև մենք համարվում ենք սեփականատեր, բայց առաջին ընկերությունում աշխատած գումարով քրոջս երեխային նվեր եմ գնել:

-Կա՞ մարդ, ում կարծիքն ու խորհուրդը միշտ ընդունում ու հաշվի եք առնում:

-Հայրս, բայց բոլորի խորհուրդներն էլ ես լսում եմ, միայն թե պետք է վստահ լինել, որ խորհուրդ տվողը ոլորտից հասկանում է:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի խմիչքը:

-Գինի

-ՄԱՊ ընկերությա՞ն գինին

-Առհասարակ գինի: Ես մեծ սիրով պատրաստ եմ խմել նաև իտալական գինի: Կարելի է փորձել և գնահատել այն:

-Ձեր ընտանեկան սեղանին հայտնվո՞ւմ են այլ ընկերության գինիներ

-Ոչ, քանի դեռ մեր գինին չի վերջացել, չի լինի: Վերջանալուց հետո իհարկե կարող են լինել այլ գինիներ: 

-Պարո՛ն Պետրոսյան, անմասն չմնալով քաղաքական դաշտից, հետաքրքիր է նաև Ձեր տեսակետը լսել մի հարցի վերաբերյալ: Վերջին շրջանում շատ է գրվում այն մասին, որ 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հայրերին փոխարինելու են գալու որդիները: Հնարավո՞ր է՝ մի օր Ձեզ տեսնենք խորհրդարանում որպես պատգամավոր:

-Ես գործարար եմ և քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես այս ոլորտում այնքան շատ աշխատանք ունեմ կատարելու և գտնում եմ, որ լավագույն վայրը, որտեղ պետք է լինեմ դա գործարանն է:

Ստորև ներկայացված լուսանկարում պատկերված է թանգարանը, որտեղ ներկայացված է ընկերության ամբողջ տեսականին: Այս պահին ընկերությունն արտադրում է մոտ 100 տեսակի գինի և կոնյակ, որից ակտիվը 70-ն է, 23 տեսակը վաճառվում է պատվերի դեպքում: 

Լուսանկարում՝ 1863թ.-ին արտադրված թորելու հատուկ սարք է, որը մինչ այժմ աշխատում է: 

 

ՄԱՊ գործարանում կա թանգարային փոքրիկ անկյուն, որտեղ ներկայացված են Խորհրդային ժամանակաշրջանի հին իրերը.

 

Ստորև ներկայացված լուսանկարում ՄԱՊ ընկերության մառաններից մեկն է, որտեղ գինիների տեսականիները բաժանվում են փայտյա սյուներով: Խորհրդային միության տարիներին երկրում առավել շատ տարածված էր աթեիզմը, այդ ժամանակաշրջանում եկեղեցիները վերածում էին պահեստների: Գյուղում, որտեղ ծնվել է Մակար Պետրոսյանը, ԽՍՀՄ գործիչները որոշել էին եկեղեցին պահեստ դարձնել: Այդ ժամանակ եկեղեցու փայտյա սյուները կտրել և դեն են նետել: Պետրոսյանների ընտանիքը գիտակցելով սյուների նշանակությունը դրանք տեղափոխել է գործարանի մառաններ:

Սյուները փոքր ինչ յուղային մաս են պարունակում իրենց մեջ, իսկ այն բույրը, որը հաճելիորեն տարածված է գինու մառաններում՝ խունկի հոտն է: 

Ներկայացված լուսանկարում հենց այն հատվածն է, որտեղ 1942-1944թթ.-ին, գերմանացի ռազմագերները աշխատել և ապրել են: 

ՄԱՊ ընկերության մառաններից մեկում մինչ օրս պահվում է Մակար Պետրոսյանի համար խորհրդանշական դարձած ամենաթանկ 50 լիտր տարողությամբ տակառը: 

Տարիներ առաջ, երբ ծնվել է ՄԱՊ ընկերության ներկայիս ղեկավարը, նրա պապիկը Մակարի հայրիկին՝ Ալիկ Պետրոսյանին խնդրել է, որ մի մեծ տակառի մեջ լցնի երիտասարդ կոնյակի սպիրտ, ու բացի հենց այն ժամանակ, երբ կամուսնանա իր սիրելի թոռնիկը՝ Մակարը:

Մարիամ Մելքումյան 

Տաթև Այվազյան 

Խաչիկ Էլլոյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին