Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գումարված նիստում ընդունվեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների 2015թ.-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Ինչպես նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նոր Սահմանադրության հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, առավոտյան 08.00-ից բոլոր ընտրատեղամասերը բաց կլինեն: Մուկուչյանն ասաց, որ հանրաքվեն գործելու է Ընտրական օրենսգրքի կանոնակարգով և Հանրաքվեի մասին օրենքով:
Նիստին Մուկուչյանը հայտարարեց, որ այսօրվանից մեկնարկում է հանրաքվեի քարոզարշավը: Նրա խոսքով՝ քարոզարշավը մեկնարկում է 2015թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 4-ը: Մուկուչյանը նշեց, որ քարոզարշավի համար անվճար եթերաժամանակ է տրվելու միայն ԱԺ խմբակցություններին, իսկ եթեր տրամադրող հեռուստա և ռադիոընկերությունները իրենց վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի գինը պետք է ներկայացնեն հոկտեմբերի 15-ից ոչ ուշ: Համաժողովրդական քննարկումների, հանրաքվեի իրազեկման համար, ԿԸՀ նախագահի խոսքով, նախագիծը պետք է հրապարակվի մինչև հոկտեմբերի 17-ը: Իսկ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կփակցվեն հոկտեմբերի 27-ին: