ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն այս ամսվա վերջին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալության:
«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք վստահեցնում ենք նրանց՝ բանակցությունների հիման վրա կողմերի հետ աշխատանքը շարունակելու մեր հավատարմության մասին։ Տարածաշրջանում բարձր է լարվածության մակարդակը, և ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին զգուշացնում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել նոր էսկալացիայի։
Համանախագահներն այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան, որպեսզի հանդիպեն նախագահների հետ և նրանց պատրաստեն հաջորդ հանդիպման համար։ Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կօգնի առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում և իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման վրա»,- ասել է Ջեյմս Ուորլիքը։