Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունն առանձնացավ սոցիալական աննախադեպ նախաձեռնությամբ. շուրջ 30 բնակարաններ` ազատամարտիկների ընտանիքներին (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 09:54
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունն առանձնացավ սոցիալական աննախադեպ նախաձեռնությամբ. շուրջ 30 բնակարաններ` ազատամարտիկների ընտանիքներին (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ազատամարտիկների, նաև ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների 30 ընտանիքների ներկայացուցիչներին: Քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ է հանձնել նաև հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժուռնալիստների միության անդամ Զառա Արամյանին, երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: 

Ողջունելով ու շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նոր բնակարանը նրանցից յուրաքանչյուրի համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: 
«Այսօր, որպես Երևանի քաղաքապետ, թերևս, իմ ամենահաճելի պարտականությունն եմ կատարում՝ ձեզ հանձնելով այդքան երկար սպասած նոր բնակարանների բանալիները: Ձեր տները թող որ հայոց նոր օջախներ դառնան՝ խինդ ու բերկրանք պարգևելով ձեզ ու ձեր զավակներին: Բնավ պատահական չէ, որ ձեր նոր բնակարանները ստանում եք մայրաքաղաքի ծննդյան տոնակատարության օրը, քանզի համոզված եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի ջերմությունն ու բարությունը ձեզ հետ կտանեք ձեր նոր բնակարաններ ու ձեր բնակարաններից այն կրկին կտարածվի երևանյան հրաշալի մթնոլորտում», - ընդգծել է քաղաքապետը:
Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախաձեռնության ու երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ ծրագրում ընդգրկված ընտանիքները նկատել են, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է: 
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների խնդիրները մշտապես եղել ու մնում են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, և համոզմունք է հայտնել, որ իրականացվող բոլոր ծրագրերը, որոնք միտված են նաև նրանց սոցիալական, կենցաղային պայմանների բարելավմանը, լինելու են շարունակական:
«Առաջին անգամ է, որ քաղաքապետարանը հնարավորությունի ունի նման խոշոր աջակցություն ցուցաբերելու: Հուսով եմ` սրանով մենք հիմք կդնենք գեղեցիկ ավանդույթի և կփորձենք յուրաքանչյուր տարի նմանատիպ անակնկալներ մատուցել մեր ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին: Մենք արդեն նման որոշակի ավանդույթ ձևավորել ենք մեր բազմազավակ, երիտասարդ ընտանիքների, արվեստագետների մասով: Այս մոտեցումը նույնպես շարունակական է լինելու, և տա Աստված, որ մենք հնարավորություն ունենանք տարեցտարի ավելացնելու նոր բնակարան ստացողների ցանկը՝ ներառելով նաև մեր վաստակաշատ մանկավարժներին, գիտնականներին, առողջապահության և այլ ոլորտների արժանավոր ներկայացուցիչներին», - նշել է քաղաքապետը, հավելելով, որ այս օրերին նոր բնակարանների բանալիներ են հանձնվում նաև 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին, և մինչև տարեվերջ նրանք բոլորն էլ ապահովված կլինեն նոր բնակարաններով: 
Անդրադառնալով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում անցակցվող սոցիալական նշանակության մյուս ծրագրերին՝ քաղաքապետն առանձնացրել է նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ու սոցիալապես անապահով 2797 ընտանիքներին որպես նվեր էլեկտրատեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ երևանաբնակ շուրջ 1400 ծնողների սահմանամերձ գոտում և Արցախում ծառայող իրենց զավակներին տեսակցելու հնարավորության ընձեռումը: 
«Մենք փորձում ենք անել հնարավորը, որ մայրաքաղաքի տոնը, մեր բնակիչներին ուրախ, բարձր տրամադրություն պարգևելուց բացի, նրանց մի մասի համար ավելի կոնկրետ դրսևորումով հիշարժան դառնա: Ես համոզված եմ, որ դուք էլ մեր քաղաքի բոլոր բնակիչների հետ մասնակցելու և ուրախանալու եք մեր տոնական միջոցառումներով: Կարծում եմ, այս օրերին իսկապես պետք է մի կողմ թողնել առօրյա հոգսերն ու լիասիրտ ուրախանալ մեր ջերմ ու բարի քաղաքի տոնով: Երևանն իսկապես վաստակել է սեփական տոնն ունենալու և այդ տոնով մեր բնակչությանն ուրախացնելու իրավունքը»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին