Կարևոր իրադարձություններ

Զանգեց, ասաց՝ ինձ տանում են, այլևս չզանգեք, պատմում է ՌԴ-ում վթարված ավտոբուսի վարորդի քույրը

05 Նոյեմբեր, 2015 12:28
Զանգեց, ասաց՝ ինձ տանում են, այլևս չզանգեք, պատմում է ՌԴ-ում վթարված ավտոբուսի վարորդի քույրը

Տուլայում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի ընտանիքը առաին է հենց նրանից է իմացել վթարի մասին, այնուհետև՝ ժամը 04:00-04:30-ին ռուսական լրատվամիջոցներից:

«Վթարի օրը ինքն է զանգահարել, առաջինը տեղեկացրել վթարի մասին, ասել է, որ ինձ տանում են, այլևս չզանգեք»,-Shabat.am-ի հետ ասաց Գառնիկ Հարությունյանի քույրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Լիլիթ Հարությունյանը վթարի օրը` վաղ առավոտյան 8:30 գնացել է «Քինգ դելյուքս» հասկանալու համար, թե ինչ է կատարվել:

«Նա չափազանց փորձառու, ուշադիր և պատասխանատու մարդ է, վարորդ՝ առավելևս: 14 տարեկանից վարորդություն է անում:  Բացառվում է ղեկին քնելու վարկածը, անգամ եթե իմ եղբայրը չլիներ, մեկ այլ վարորդ լիներ: Առավելևս ուղևորներից մեկն ասել է, որ սկզբում որոշ ժամանակ  ճանապարհին եղել է մյուս վարորդը, իմ եղբայրը հետո է փոխարինել իրեն: Ընդհանրապես իրենք որոշակի ժամանակ քշելուց հետո հանգստանում են, փոխարինող եղել են, հետևաբար կարող էր փոխարինել, եթե հոգնած լիներ»,-ասաց Լիլիթ Հարությունյանը:

Քրոջ խոսքով, Գառնիկ Հարությունյանը նույնիսկ թույլ չի տալիս իրենց զանգահարել, երբ ինքը մեքենայի ղեկին է. «Ամբողջ կյանքում իմ եղբոր համար սկզբունք է եղել, որ եթե հոգնում ես, մեքենան պետք է կանգնեցնես և հանգստանաս: Սրանք շատ կարևոր բաներ են վարորդի համար, նա սրբորեն այդ սկզբունքները պահել է: Անգամ ինքը որ ուղերթներից դուրս է գալիս, մեզ թույլ չի տալիս, որ մենք առաջինը իրեն զանգահարենք, ինքը զանգում է մեզ այստեղից դուրս գալուց: Ասում է՝ չի կարելի, ես մեքենան վարում եմ, դուք եթե զանգում եք, ինձ կխանգարեք: Եթե ես չեմ վարում, մյուսն է վարում, այդ ժամին ես քնած եմ, ինձ արթնացնում եք, խանգարում եք»:

Գառնիկ Հարությունյանի քույրը պատմեց նաև, եղբայրը 30 տարուց ավել մեքենա է վարում:
«9-րդ դասարանից հետո, մեկ տարի սովորել է Չորրորդ ուսումնարանում, ստացել է համապատասխան C կարգի որակավորում, դրանից հետո մինչև բանակ գնալը, այնտեղ աշխատել է և ծանր մեքենա է վարել միանգամից: Որևէ տեղ չկա , որ իր գործողությունների հետևանքով վթար է առաջացել, ոչ էլ իրեն են խփել, ինքն այնքան փորձառու է, որ կարողացել է խուսափել»:

Քրոջ խոսքով, ինքը վստահում է  երկու պետությունների պետաական մարմիններին և փորձագետներին:

Նշենք նաև, որ արդեն երրորդ օրն է, չի հաջողվում կապ հաստատել «Քինգ դելյուքս» ընկերության տնօրինության  հետ: Ընկերությունից մեզ հայտնեցին միայն, որ իրենց մոտ անհանգիստ վիճակ է և տնօրենները տեղում չեն:

Հիշեցնենք, որ Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին, երկամսյա կալանքի տակ վերցրեց Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին