Կարևոր իրադարձություններ

Վթարված ավտոբուսի ուղևորներից մեկը Մոսկվա էր մեկնել որդիների մոտ

04 Նոյեմբեր, 2015 14:10
Վթարված ավտոբուսի ուղևորներից մեկը Մոսկվա էր մեկնել որդիների մոտ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված
 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը Տավուշի մարզի Գանձաքար գյուղից էր և երկար տարիներ մեկնում էր արտագնա աշխատանքների:

«Սպարտակ Նալբանդյանն ամուսնացած էր, ուներ երեք տղա, երեքն էլ ամուսնացած են: Մեկնել էր տղաների մոտ, նրանք ևս արտագնա աշխատանքների են մեկնում: Աշխատող, շփվող մարդ էր: Հինգ թոռ ուներ, մի թոռն էլ Ղարաբաղում է ծառայում »,-Shabat.am-ի հետ զրույցում պատմեց Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը:

Գյուղապետի խոսքով, Սպարտակ Նալբանդյանը կոմունիստների ժամանակ Սովխոզում գյուղատնտես է աշխատել:

«Կինը և մի որդին այստեղ են: Երկու որդիները մարմինը պատրաստում են տեղափոխել Հայաստան: Սոցիալապես անապահով են, եթե լավ ապրեին, արտագնա աշխատանքի չէին մեկնի»,ասաց Շահեն Շահինյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երևան ուղևորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղևոր է եղել, վերջին տվյալներով նրանցից 8-ը զոհվել է:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեևսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:

 

Լրահոս

Դիտել ավելին