Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում վթարված ավտոբուսի զոհերից մեկն օրերս հայր էր դառնալու. նոր մանրամասներ

04 Նոյեմբեր, 2015 12:49
ՌԴ-ում վթարված ավտոբուսի զոհերից մեկն օրերս հայր էր դառնալու. նոր մանրամասներ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված 31-ամյա Հրաչ Բադալյանը Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից էր, առաջին տարին է, որ մեկնում էր արտագնա աշխատանքի:

«Հրաչ Բադալյանը մի շատ լավ ընտանիքի զավակ էր: Ուներ մեկ երեխա, երկրորդը ծնվելու է մոտ օրերս: Ընտանիքով եղբոր և հոր հետ ապրում էին նույն բնակարանում: Շատ լավ ընտանիք են, խելացի, համեստ »,-Shabat.am-ի հետ զրույցում պատմեց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը:

Հրաչ Բադալյանը դպրոցն ավարտելուց հետո, զբաղվել է գյուղատնտեսությամբ:

«Գյուղում վարձակալությամբ խանութ էին վերցրել, աշխատում էին, մեկ տարի է արդեն, որ չեն զբաղվում այդ խանութով և գնացել են արտագնա աշխատանքի: Մոսկվայում էին աշխատում, դժգոհ չէին, երկու եղբայրն էլ մեկնում էին արտագնա աշխատանքի: Շինարարական աշխատանքներ էին կատարում Մոսկվայում»,-ասաց գյուղապետը:

Հրաչ Բադալյանն երկու-երեք տարի էր, ինչ ամուսնացած էր:

Նշենք, որ ողբերգական վթարի հետևանքով զոհված ութ ուղևորներից երկուսը՝ Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը ևս Գեղարքունիքի Գեղամավան գյուղից էին:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երևան ուղևորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, վերջին տվյալներով նրանցից 8-ը զոհվել է:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեևսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին