Կարևոր իրադարձություններ

«Գնացել էին Ռուսաստան երկու կոպեկ վաստակելու». հայրը զոհվել է, որդին՝ տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ

04 Նոյեմբեր, 2015 12:24
«Գնացել էին Ռուսաստան երկու կոպեկ վաստակելու». հայրը զոհվել է, որդին՝ տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Գառնիկ Հակոբյանը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից:

Shabat.am-ին հայտնի դարձավ, որ վթարի ենթարկված ավտոբուսի մեջ է եղել նաև Գառնիկ Հակոբյանի ավագ որդին՝Տիգրան Հակոբյանը, ով տեղափոխվել է հիվանդանոց:

«Իրենք սոցիալապես անապահով ընտանիք էին: Մի քիչ ուզում էին կարգավորվել: Գառնիկը 1961թվականին է ծնվել: Գյուղում հովիվ էր աշխատում տարիներ շարունակ, միտքը փոխեց, որ պետք է գնա ՌԴ-ում մի երկու կոպեկ ավելին վաստակի: Մեկնում էր շինարարական աշխատանքների: Ամուսնացած է, ունի երկու տղա, երկու աղջիկ: Աղջիկներից մեկն ամուսնացած է, մյուսը՝ փոքր, տղաներից մեկը 11-րդ դասարանում է սովորում»,-Shabat.am-ին հետ զրույցում ասաց Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը:

Գառնիկ Հակոբյանի որդին, 25-26 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա: Այս դեպքից բացի,  մեկ անգամ գարնանն է մեկնել արտագնա աշխատանքների:

«Նորմալ, խելոք ժողովուրդ են, ընտանիք պահող, իրանց համար աշխատող, գնացել էին երկու կոպեկ վաստակելու, փորձանք է, եկել է…»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երևան ուղևորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, վերջին տվյալներով նրանցից 8-ը զոհվել է:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեևսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է:

 

Լրահոս

Դիտել ավելին