Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն է խոսում հօգուտ ԻՊ-ի վարկածի, որ A321-ը խփվել է, եւ ի՞նչը՝ դեմ

04 Նոյեմբեր, 2015 10:42
Ի՞նչն է խոսում հօգուտ ԻՊ-ի վարկածի, որ A321-ը խփվել է, եւ ի՞նչը՝ դեմ

«Մի քանի ժամ անց այն պահից, երբ Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես բացառեցին ահաբեկչությունը Սինայի երկնքում մարդատար A321 ինքնաթիռի աղետի հավանական պատճառների ցանկից, սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ «Սինայի վիլայաթ» խմբավորումը՝ «Իսլամական պետության» Եգիպտոսի մասնաճյուղը»,- գրում է Գիլ Յարոնը գերմանական Die Welt-ում: Twitter սոցիալական ցանցում, ինչպես նաեւ Aamaq կայքում, որն ԻՊ-ի կիսապաշտոնական խոսափողն է, իսլամիստները հայտնեցին, որ ինքնաթիռը խփվել է «խալիֆայության զինվորների» կողմից, եւ դա վրեժ է Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանի մասնակցության համար:

Ռուսաստանը, ինչպես հիշեցնում է թղթակիցը, ամեն օր օդային հարվածներ է հասցնում ապստամբների եւ ԻՊ-ի օբյեկտներին: «Եթե ինքնաթիռն իսկապես խփվել է իսլամիստների կողմից, կարելի կլիներ խոսել ահաբեկիչների կարեւոր մարտավարական հաջողության մասին, բայց այդ վարկածի դեմ խոսում է գործոնների մի ամբողջ շարք,- գրում է Յարոնը: -Այնուամենայնիվ, պաշտոնական վարկածում էլ քիչ չեն սպիտակ բծերը»:

«2011 թվականից, այսպես կոչված, «արաբելլիոնայի» (արաբական հեղափոխության) մեկնարկից հետո Եգիպտոսում մոլեգնում են զանգվածային անկարգությունները: Եվ առաջին հերթին քաոսը թագավորեց Սինայի թերակղզու հյուսիսում: Իրավիճակն ավելի վատթարացավ այն բանից հետո, երբ 2013 թվականին Եգիպտոսի բանակը տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված «Մուսուլման եղբայրների» կառավարությանը: 2014 թվականի նոյեմբերից առճակատումը թեւակոխեց նոր փուլ, քանի որ ահաբեկչական խմբավորումների մի մասն ԻՊ-ին հավատարմության երդում տվեց: Այդ ժամանակից ի վեր իսլամիստական խմբավորումները, որոնք մարտնչում են ռեժիմի դեմ, սկսեցին ստանալ ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցություն աշխարհում ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունից: Թեեւ առանց դրա էլ նրանք վատ զինված չէին. Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի տապալումից հետո ապստամբների ձեռքում ժամանակակից զենք հայտնվեց: Մասնավորապես, Քադաֆիի զինանոցում կային ավելի քան 20 հազար ժամանակակից շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ նրա մահից հետո հայտնաբերվել եւ ոչնչացվել էր միայն 5 հազար շարժական զենիթահրթիռային համակարգ, մնացածը տարածվեց ամբողջ աշխարհի թեժ կետերում»,- ընդգծում է լրագրողը:

«Այդ շարժական համակարգերից շատերը, իհարկե, հայտնվեցին Սինայի թերակղզում, որտեղ արդեն մի քանի տարի ընթանում է իրական պատերազմ,- մեկնաբանում է Յարոնը: -Պատահական չէ, որ թերակղզու հյուսիսում արդեն 2 տարի արտակարգ դրություն է սահմանված»: Իսկ վերջերս՝ հուլիսին, թերակղզու հյուսիսային ափերից իսլամիստները հրթիռ էին արձակել եւ լրջորեն վնասել եգիպտական ռազմանավը: Բացի այդ, ԻՊ-ը Սինայում բազմիցս եգիպտական բանակի ուղղաթիռներ է խփել: Ի՞նչն է խոսում հօգուտ իսլամիստների կողմից արձակված հրթիռի մասին վարկածի: Գրեթե բոլոր 40 դեպքերը, երբ մարդատար ինքնաթիռներին կրակել են ՀՕՊ շարժական համակարգերից, տեղի են ունեցել մարտական գործողությունների օդային տարածքներում, եւ դա միակ հանգամանքը չէ»,- ասվում է հոդվածում:

«ՌԴ լրատվամիջոցները հաղորդում են, որ Metrojet ավիաընկերությունը խնդիրներ է ունեցել թռիչքների անվտանգության հետ, սակայն նա Ռոստրանսնադզորի ցուցումով վերացրել է թերությունները մինչ 2014 թվականի մարտը: Միեւնույն ժամանակ եգիպտական աղբյուրները պնդում են, որ կապը կործանված Airbus-ի հետ կորել է հանկարծակի: Եթե վթարի պատճառը շարժիչների անսարքությունը լիներ, անձնակազմը կկարողանար շարունակել կապի մեջ մնալ,- ենթադրում է լրագրողը: -Բացի այդ, ինքնաթիռի արագությունը մեկ վայրկյանի ընթացքում նվազել է 740-ից 172 կմ/ժ, իսկ շարժիչների անսարքության դեպքում դանդաղումը չէր լինի այդքան կտրուկ: Ըստ ականատեսների, ինքնաթիռն ընկել է քարի նման, իսկ վթարի վայրը գտնվում է Էլ-Արիշ քաղաքի մոտակայքում, որը «Իսլամական պետության» հենակետն է Սինայում: Այս ամենը հակասում է տեխնիկական անսարքության վարկածին»,- գրում է հեղինակը:

Իսկ ի՞նչն է խոսում իսլամիստների վարկածի դեմ: «ԻՊ-ը փորձում է որքան հնարավոր է շատ ուշադրություն գրավել, այդ թվում կեղծումների միջոցով: Ենթադրյալ կործանման պահին ինքնաթիռը գտնվել է մոտ 10 կմ բարձրության վրա, այսինքն, նույնիսկ ամենաժամանակակից շարժական զենիթահրթիռային համալիրների հասանելիությունից դուրս. դրանք ի վիճակի են թիրախներ ոչնչացնել մինչեւ 5 կմ բարձրության վրա: Տեղի եգիպտացի սպայի վկայությամբ ինքնաթիռը մասնատվել է երկու հատվածի, այն դեպքում, երբ օդում պայթյունի ժամանակ խոշոր հատվածներ ուղղակի չէին լինի»,- ասվում է հոդվածում:

 

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

 

Լրահոս

Դիտել ավելին