Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ ինքս իմ ծննդյան խնջույքի հյուրն էի. Արևիկ Ալավերդյանը՝ ծննդյան և ամուսնու անակնկալի մասին

04 Նոյեմբեր, 2015 00:20
Առաջին անգամ ինքս իմ ծննդյան խնջույքի հյուրն էի. Արևիկ Ալավերդյանը՝ ծննդյան և ամուսնու անակնկալի մասին

Aysor.am-ը գրում է.

Ֆրանսիայում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյանը հոկտեմբերի 31-ին դարձավ 29 տարեկան: Aysor.am-ը շնորհավորելով նրան՝ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցկացրել ծննդյան օրը: Երգչուհին բացահայտեց, որ այս տարի նախընտրել է ընկերների միջավայրում անցկացնել: «Ամուսինս փոքրիկ ու համեստ խնջույք էր կազմակերպել՝ ինձանից գաղտնի: Կարելի է ասել, առաջին անգամն էր, որ ինքս իմ ծննդյան հյուրն էի: Նա հարյուրավոր շատ գեղեցիկ վարդերով զարդարել էր սրահը: Դա անչափ տպավորիչ էր: Իսկ ստացածս նվերների մասին կնախընտրեմ լռել»,- ժպիտով և հուզմունքով մանրամասնեց հոբելյարը:



Մեր զրուցակիցը նախընտրեց չբարձրաձայնել նաև ցանկությունների մասին, բայց խոստովանեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս երազանք է պահել: Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, ապա դրանք որքան միանման, այնքան էլ ինքնատիպ էին:



«Շա՜տ բարեմաղթանքներ ստացա, բայց հեռվում գտնվելով, երբ կարդում եմ ծնողներիս բարեմաղթանքներն իմ ֆեյսբուկյան էջում՝ հուզվում եմ, լացում: Այնքան դժվար է հայրենիքից, ծնողներից հեռու, կարոտը խեղդելով ապրել»,- անկեղծացավ նա:



Թեև նրա համար տպավորիչ և գեղեցիկ են բոլոր ծննդյան տոները, սակայն առանձնացնում է մանկության տարիները. «Բոլոր ծննդյանս օրերն էլ ուրախ են անցել: Սակայն ես շատ կարոտում եմ փոքր հասակիս տարեդարձները, որոնք անցկացնում էինք տատիկ-պապիկիս տանը»:



Երգչուհուն երևանյան ժամանակով առաջինը շնորհավորել են ծնողները, ընտանիքի անդամները: Այնուհետև ամուսինը, ընկերները:

«Յուրաքանչյուր զանգից, նամակից երջանկանում էի: Անգամ հեռվում գտնվելով՝ ինձ շատ երջանիկ եմ զգում, քանի որ ունեմ հրաշալի ընտանիք և ընկերներ: Շատ շնորհակալ եմ բոլորին՝ կյանքս լուսավորելու համար»,- եզրափակեց Արևիկը:

Նելլի Մարգարյան

 

Լրահոս

Դիտել ավելին