Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել Իտալիայի Ասիզի քաղաքում

03 Նոյեմբեր, 2015 23:16
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել Իտալիայի Ասիզի քաղաքում

Իտալիայի Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում նոյեմբերի 2-ին մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ՝ եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ արել Դանիել Վարուժանի ստեղծագործություններից:

Պատարագից հետո կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ:

Խաչքարի օծման արարողությունից հետո դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք է ուղղել Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության համագործակցությամբ ս.թ. մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ո ւնեցել: Նա շնորհակալություն է հայտնել նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար:

Դեսպանը նկատել է, որ անցյալի ցեղասպանությունների հիշողությունը պահպանելու անհրաժեշտության հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Այդ համատեքստում նա անդրադարձել է Միջին Արևելքում «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագություններին:

Դեսպան Սարգիս Ղազարյանը ներկայացրել է նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքները:

Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա են եղել Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին, իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան շուրջ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի կաթոլիկ պահապան Սուրբ Ֆրանցիսկոս ի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը: 

 

Լրահոս

Դիտել ավելին