Կարևոր իրադարձություններ

Այս տարի Ադրբեջանի ԶՈւ կորուստը կազմել է 64 զինծառայող. «Խազար»

02 Նոյեմբեր, 2015 19:05
Այս տարի Ադրբեջանի ԶՈւ կորուստը կազմել է 64 զինծառայող. «Խազար»

Ադրբեջանի ԶԼՄ-ների եւ սոցցանցերի հաղորդագրությունների հիման վրա Ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Խազար - Caspian Defebse Studies Institute) կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքներով 2015 թվականի անցած 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 64 զինծառայող:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով moderator.az կայքը, ինստիտուտից արված հաղորդագրության համաձայն` նրանցից 31-ը զոհվել են մարտական պայմաններում, 33-ը` ոչ մարտական պայմաններում:

Ոչ մարտական պայմաններում մահացածներից 8-ն ինքնասպանություն են գործել, 8-ը զոհվել են ոչ կանոնադրական հարաբերությունների (միմյանց գնդակահարելու), 5-ը` ավտովթարի արդյունքում, 3 հոգի` անզգուշությունից, 2 հոգի` ձնահոսքից, 2 հոգի` արեւահարումից, մեկ հոգի` անհայտ պատճառով, 4 հոգի` հիվանդությունից:

Մահացածներից 57-ը հանդիսանում են պաշտպանության նախարարության, 3-ը` պետական սահմանային ծառայության, 2-ը` արտակարգ իրավիճակների եւ 2-ը ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ:

Հիշյալ ժամանակաշրջանում տարբեր պատճառներով վիրավորումներ են ստացել ԶՈւ 17 զինծառայողներ: Նրանցից 11-ը վիրավորվել են հակառակորդի գնդակից, երկու հոգի` ավտովթարից, մեկ հոգի` ականի պայթյունից, մեկ հոգի` ոչ կանոնադրական հարաբերությունից, մեկ հոգի` ինքնասպանության փորձից, մեկ հոգի էլ` դժբախտ պատահարի արդյունքում:

Վիրավորվածներից մեկը արտակարգ իրավիճակների նախարարության, մյուսները` պաշտպանության նախարարության տարբեր զորամասերի զինծառայողներ են:

2014 թվականին Գերմանիայում ստեղծված «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը չի բացառում, որ Ադրբեջանի ՊՆ եւ անվտանգության հատվածում տեղի ունեցած կորուստների թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել:

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 129 զինծառայող եւ 143-ից ավելի վիրավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին