Կարևոր իրադարձություններ

Բունդեսթագի նախագահի հովանու ներքո Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում կտնկվի Հայ-գերմանական բարեկամության այգի

01 Նոյեմբեր, 2015 16:38
Բունդեսթագի նախագահի հովանու ներքո Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում կտնկվի Հայ-գերմանական բարեկամության այգի

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հովանու ներքո Հայ-գերմանական բարեկամության այգի կտնկվի Դորտմունդ քաղաքի Ռոմբերգպարկ բուսաբանական այգում, որն ամենամեծն է Գերմանիայում, իսկ վեցերորդն` աշխարհում: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

«Հայկական և գերմանական տարբեր հաստատությունների բակում այգիների հիմնումը կարող է նպաստել այդ կառույցների ակտիվ համագործակցությանը: Սա նշանակում է, որ մենք գիտամշակութային մակարդակով ինտեգրվում ենք եվրոպական կառույցներին»,- նման համոզմունք հայտնեց Օրդուխանյանը` հավելելով, որ արդեն պայամանավորվածություն է ձեռք բերվել Գերմանիայի բուսաբանական այգիների կառավարումը համակարգող վարչության և Երևանի բուսաբանական այգու միջև համագործակցության պայմանագրի ստորագրման շուրջ:

Նոր այգին կկոչվի Գերմանիայի` հայ ազնվականական ընտանիքներից սերող Թեոֆանու կայսրուհու անունով: Պատմաբանների կարծիքով` Թեոֆանուն, ամենայն հավանականությամբ, ծնվել է 959 թ-ին կամ Հայաստանում, կամ էլ Սկլերոսների մակեդոնական կալվածքներից մեկում։ Հայ-գերմանական բարեկամության առաջին այգին բացվել է այս տարվա ապրիլի 11-ին Երևանի Ավան թաղամասում, երկրորդը` գերմանական Բոխում համալսարանական քաղաքում և երրորդը` Եղեգնաձորում:

Օրդուխանյանի խոսքով` Գերմանիայում հիմնված այգում դեռևս չեն տեղադրվել տեղեկատվական ցուցանակներ, քանի որ հնարավոր է թուրքերը վնասեն ծառերը:

«Կսպասենք մինչև ծառերն ամրանան, նոր կփակցնենք ցուցանակները, որպեսզի թուրքերը չկարողանան վնասել»,-ասաց բանախոսը` նշելով, որ թուրքական լոբբին Գերմանիայում ամեն կերպ խոչընդոտում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, փորձում տապալել այդ թեմայով գրքերի շնորհանդեսները:

Ինչ վերաբերում է գերմանական Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցին, Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը հավատում է, որ լուրջ աշխատանք կատարելու դեպքում հնարավոր է հասնել հաջողության:

«Բունդեսթագի հապաղումն ունի խորը պատճառներ: Նորբերտ Լամերտն անձամբ շատ դրական է տրամադրված հայ ժողովրդի հանդեպ, և ապրիլի 24-ին  ելույթ է ունեցել  մեր միջոցառումներից մեկի ժամանակ: Մեզ անհրաժեշտ է մշակել նոր մոտեցում, քաղաքական կոնցեպտներ և բազմավեկտոր աշխատանքներ տանել: Մենք ոչ լիարժեք պատկերացում ունենք Բունդեսթագում քաղաքական ուժերի բաշխվածության վերաբերյալ»,- նկատում է Օրդուխանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին