Կարևոր իրադարձություններ

Ուրախ կլինենք, որ «Ոտքի՛ Հայաստանը» ռադիկալ քայլերով իշխանությանը կարողանա լուրջ վնաս հասցնել կամ հեռացնել. «Չե՛ք անցկացնի»

01 Նոյեմբեր, 2015 14:50
Ուրախ կլինենք, որ «Ոտքի՛ Հայաստանը» ռադիկալ քայլերով իշխանությանը կարողանա լուրջ վնաս հասցնել կամ հեռացնել. «Չե՛ք անցկացնի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը։

– Հրայր, Ազատության հրապարակում երեկ ձեր նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը ի՞նչ խնդիրներ լուծեց, ի՞նչ հիմնական ասելիք կար։

– Մի քանի հիմնական մեսիջ կար։ Առաջինն այն էր, որ պետք է ակտիվորեն ներգրավվել քարոզարշավի գործընթացին, որում էական չէ վերջին պահին գնալ «ոչ» ասելը կամ բոյկոտը։ Կարևորը ակտիվորեն գործընթացին ներգրավվելն է, որովհետև մենք ինչքան ակտիվ լինենք, այնքան ավելի փոքր է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը կկարողանա անցկացնել փոփոխությունները։ Երկրորդ մեսիջն այն է, որ պետք է հնարավորինս միասնաբար աշխատել՝ համագործակցելով՝ անկախ նրանից, թե կողմերի դիրքորոշումներն ինչպիսին են լինելու։ Սա է հիմնականը։ Ես կարծում եմ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, մարդկանց քանակությունը նորմալ կարելի է գնահատել։ Պետք է նկատի ունենալ, որ հեռուստատեսային քարոզարշավը չի սկսել, ինչը հնարավորություն է տալու «Ոչ»-ի ճակատի ուժերին առավել մեծ տեղեկացվածություն ապահովել իրենց անելիքների և գործողությունների վերաբերյալ։

– Ասացիք ՝ միասնաբար պետք է աշխատել անկախ դիրքորոշումների տարբերությունից։ Երեկ հարթակից բոլոր ուժերի ներկայացուցիչները հայտարարում էին իրենց առանձին հանրահավաքների օրերի մասին։ Արդյոք դա միասնականությա՞ն նշան է։

– Անկախ նրանից, թե կոնկրետ այդ պահին որ մեկը որ հանրահավաքին է շեշտադրում արել, փաստը, որ նրանք գտնվել են նույն հարթակում և նույն տեղից են դա հայտարարել, միասնականություն է։ Հստակ ասվում է, որ որևէ խնդիր չկա մարտավարական պատկերացումների վերաբերյալ։ Դա նշանակում է, որ միասնական հարթակը գոյություն ունի։ Իսկ մարտավարական տարբերությունների մասին ինչ-որ բաներ ասում են, դա նորմալ է, ամեն մարդ իր ռեսուրսներն է հաշվում, իր գնահատումներն է անում և ըստ այդմ էլ՝ կարողանում է հասկանալ, թե որ մեթոդն է առավել արդյունավետ։ Պետք  է փորձել բոլոր մեթոդները և ինչ-որ մի պահի կզգացվի, թե որ մեթոդն է առավել արդյունավետ գործում, այդ ժամանակ էլ կլինեն միասնականություն բոլոր հարցերում։ Սակայն դա գերնպատակ չի կարող լինել, դա երկրորդական է։

– Օրինակ, «Ո՛չ»-ի ճակատում ընդգրկված ուժերից «Ոտքի՛ Հայաստանը» հայտարարում է, որ իրենք ավելի ռադիկալ դիրքերում են։

– Մենք շատ ուրախ կլինենք, որ «Ոտքի՛ Հայաստանը» ռադիկալ քայլերով իշխանությանը կարողանա լուրջ վնաս հասցնել կամ հեռացնել իշխանությանը։ Մենք բոլորովին էլ դեմ չենք նրան, որ «Ոտքի՛ Հայաստանն» այդ ամեն ինչը անի։ Մենք միայն ուրախ կլինենք։ Դա չի կարող անհամաձայնության պատճառ լինել։ Մենք իրենց  կօգնենք և կաջակցենք, եթե հստակ քայլեր անելու որոշումներ լինեն։

– Իսկ այսօր Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելո՞ւ եք, ելույթներ լինելո՞ւ են։

– Այո՛, մենք մասնակցելու ենք հանրահավաքին, և մեր նախաձեռնության անունից ելույթ կունենա Արշակ Մուսախանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին