Կարևոր իրադարձություններ

«Արաբկիր» բժշկական համալիրի մի խումբ մասնագետներ ժամանել են Ստեփանակերտ

30 Հոկտեմբեր, 2015 22:05
«Արաբկիր» բժշկական համալիրի մի խումբ մասնագետներ ժամանել են Ստեփանակերտ

Վրեժ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ԼՂՀ առողջապահության նախարարության և «Մանկական բժիշկների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է արդիական մանկաբուժության հարցերին նվիրված կոնֆերանս:

Բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը: «Այսօր Արցախում հերթական գիտագործնական միջոցառումն է կազմակերպվում:

Այստեղ են մանկական բժիշկների հայկական ասոցացիայի մի խումբ մասնագետներ, ովքեր Արցախի գործընկեր-մասնագետներին իրենց գիտելիքներն են փոխանցելու,-ասել է Զ. Լազարյանը և հավելել,-այս ամենը նպատակ ունի առաջին հերթին օգնել տեղի մասնագետներին՝ ձեռք բերելու համար նոր գիտելիքներ, և, ի շահ Արցախի բնակչության առողջության պահպանման, այն կիրառել աշխատանքում»:
Միջոցառմանը ներկա ԼՂՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, իր հերթին ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, նույնպես կարևորել է նման համագործակցությունը և հույս ու վստահություն հայտնել, որ այն շարունակական կլինի:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ իր խոսքում նշել է, որ վաղը տեղի մանկաբույժների համար կազմակերպվելու են վարպետաց դասեր ու քննարկումներ. կլինեն նաև հիվանդների ընդունելություն, հետազոտություններ և խորհրդատվություններ:

«Այսօրվա կոնֆերանսի մասնակիցներին կրեդիտ ստանալու համար տրվելու են հավաստագրեր. ովքեր 5 տարվա ընթացքում կհավաքեն 220 կրեդիտ, նրանք կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը»,-ասել է Ա. Բաբլոյանը:

«Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանն ընդգծել է, որ Արցախի բժիշկների համար կազմակերպվող նման կոնֆերանսները շատ կարևոր խթան կհանդիսանան բժիշկների մասնագիտական որակի բարձրացման համար:

Կոնֆերանսին ներկա մի խումբ մասնագետներ ներկայացրել են արդի մանկաբուժության խնդիրները, հանդես եկել տարբեր դասախոսություններով, ներկայացրել Հայաստանի և համաշխարհային բժշկագիտության վերջին տարիների փորձը: Հետո հարցերի շուրջ տեղի են ունեցել ակտիվ, գործնական քննարկումներ: Կոնֆերանսին մասնակցել են «Արևիկ» մանկական հիվանդանոցի բոլոր մասնագետները և Արցախի բոլոր շրջաններից ներկայացուցիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին