Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը խավարի կղզյակ է. Նիլս Մուժնիեկս

30 Հոկտեմբեր, 2015 20:05
Ադրբեջանը խավարի կղզյակ է. Նիլս Մուժնիեկս

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների եւ խորհրդարանական ընտրությունների համար նորմալ պայմաններ չլինելու վերաբերյալ politico.eu  կայքում հրապարակած խիստ քննադատական հոդվածում Ադրբեջանն անվանել է «խավարի կղզյակ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽ հանձնակատարը Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք ընտրությունները ձեւական է անվանել, հիմնավորելով դա այն բանով, որ ընտրողները չեն կարողանալու «ազատ եւ բանական ընտրություն» կատարել:

Մուժնիեկսը նշել է, որ 1991 թվականին անկախացումից հետո Ադրբեջանում ընտրությունները դատապարտվել են խարդախությունների եւ չարաշահումների:

«2005 եւ 2010 թվականների խորհրդարանական ընտրությունների հետ կապված խախտումների եւ ընտրությունների արդյունքներն ինքնակամ փոխելու փաստերով Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի բազմաթիվ վճիռներ կան ընդունված: Դա նշանակում է, որ եվրոպացի դատավորները միանշանակ հաստատել են, որ Ադրբեջանի ընտրական հանձնաժողովներն ու դատարանները, այդ թվում` Սահմանադրական դատարանն ընտրությունները կեղծվելու դեմ չեն պայքարել եւ թեկնածուների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար որեւէ իրական քայլ չեն կատարել», -հոդվածում գրել է ԵԽ հանձնակատարը:

Նրա խոսքով` դա է պատճառը, որ ԵԱՀԿ-ը հրաժարվել է մոնիտորինգային հանձնաժողով ուղարկել Ադրբեջան, ինչն աննախադեպ քայլ է:

«Չնայած ընդարձակ միջազգային քննադատությանը. Ադրբեջանի իշխանությունն անհողդողդ է կեղծ մեղադրանքներով դատապարտված իրավապաշտպաններին չազատելու հարցում, անընդհատ պնդելով, թե բոլոր ակտիվիստներն ու քաղաքական ընդդիմության անդամները ձերբակալվել են հանցագործ գործունեության համար: Այնպես է ստացվում, որ Ադրբեջանի բոլոր իրավապաշտպանները գող են, չեն վճարում հարկերը եւ լրտես են, կամ էլ Ադրբեջանի քաղաքական եւ դատական համակարգում լուրջ խնդիր կա, ինչն ավելի հավանական է», -գտնում է նա:

ԵԽ հանձնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանության համար աճող միջազգային մեկուսացումը կանխելու միակ հնարավորությունը դեմոկրատական արժեքների նկատմամբ հավատարմության ցուցադրությունն ու բոլոր իրավապաշտպաններին, լրագրողներին եւ մյուս բանտարկյալներին ազատելն ու նրանց վրայից դատապարտյալի պիտակը վերացնելն է:

Ըստ նրա` դեմոկրատական հասարակության մեջ Ադրբեջանի տեղի վերաբերյալ միջազգային հանրության կասկածները վերացնելու միակ ճանապարհը բանտարկված իրավապաշտպաններին ազատելն է:

«Քանի դեռ դա չի արվել, ընտրությունների նկատմամբ վստահություն ծնող ոչինչ չի կարող լինել, բանավեճերն անիմաստ են եւ ընտրությունների մոնիտորինգ չի լինելու», -նշել է ԵԽ հանձնակատարը:

Ադրբեջանում առաջիկա կիրակի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարությամբ հանդես է եկել ադրբեջանական REAL հասարակական շարժումը: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին արդեն հայտարարել է իրական ընդդիմությունը` այդ թվում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ եւ Մուսավաթ կուսակցությունները, NIDA շարժումը, ինչպես նաեւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի մեջ մտնող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները:

Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունների դիտորդությունից պաշտոնապես հրաժարվել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը:

 

Աղբյուր`

 times.am

 

 

Լրահոս

Դիտել ավելին