Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային ԶԼՄ-ների գլխավոր խմբագրերն Էրդողանին նամակ են հղել

30 Հոկտեմբեր, 2015 18:40
Համաշխարհային ԶԼՄ-ների գլխավոր խմբագրերն Էրդողանին նամակ են հղել

Թերթերի և նյութերի հրատարակչությունների համաշխարհային ասոցիացիան (WAN-IFRA), Խմբագիրների համաշխարհային ֆորումը (WEF), Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) և Գրողների միջազգային միությունը (PEN International) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված բաց նամակ են հրապարակել՝ իրենց մտահոգությունը հայտնելով նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նամակում նրանք խիստ մտահոգիչ են համարել վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայում տպագիր մամուլն ու լրագրողներին թիրախավորող հարձակումները, որոնք ահագնացող չափսերի են հասել: Նամակի տակ ստորագրած հեղինակավոր պարբերականների աշխատակիցներն ու խմբագրերը հորդորել են Էրդողանին օգտագործել իր ազդեցությունը ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչների անվտանգությունն ու անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

«Եթե թուրքական կառավարությունը հավուր պատշաճի չօգնի ու չպաշտպանի լրագրողներին, ապա դա կվնասի Թուրքիայի միջազգային հեղինակությանն ու դիր քին»,- ասվում է նամակի բովանդակության մեջ: Նրանք հիշեցրել են, որ Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի տակ ստորագրած պետություններից է և դրանով իսկ պարտավորվել է պաշտպանել խոսքի ազատության իրավունքը:

Նամակը ստորագրած 50 անձանց թվում են Washington Post, New York Times, La Stampa, El Pais, La Repubblica, New Yorker, El Huffington, Süddeutsche Zeitung պաբերականների, Associated Press, Buzzfeed, USA Today, Mashable և այլ լրատվականների գլխավոր խմբագրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին