Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, վերջերս գիրք է հրատարակել «Նոր կյանք նոր մարմնում» խորագրով, որն ուղղված է ավելորդ քաշ ունեցող կանանց։ Գրքի հրատարակությունից հետո շատ կանայք սկսեցին դիմել Լիլիթին՝ իրենց համար սննդակարգ գրելու համար։ Շուտով նա հաղորդում կվարի:
Դերասանի կինը պարբերաբար ներկայացնում է իր հաջողությունները՝ նշելով, որ ավելի երիտասարդ տարիքում՝ 18 տարեկանում, ինքն էլ բավականին լուրջ խնդիր է ունեցել, սակայն հաղթահարել է ավելորդ քաշը։ Լիլիթը կրկին բախվեց քաշի խնդրին հետծննդաբերական շրջանում, սակայն կարողացել է նիհարել 33 կգ և այժմ կշռում է 46 կգ։ Շուտով «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով Լիլիթը կներկայացնի իր հաղորդումը, որը կլինի ճիշտ սնվելու և կազմվածքին հետևելու մասին։ «Կինը ծնվում է, որպեսզի միշտ գեղեցիկ լինի, մենք միշտ պետք է հետևենք մեզ. բնությունն է մեզ այդպիսին ստեղծել։ Երեխայի ծննդից հետո շատ կանայք այլևս չեն հետևում իրենց՝ մտածելով, որ իրենց առաքելությունն արդեն կատարված է»,- ասաց նա։
Լիլիթը պատմեց, որ ինքն ու ամուսինը «Երկիր Մեդիային» առաջարկել են մի թողարկում նկարահանել, որի շրջանակներում նա կներկայացնի ճիշտ սննդակարգի ձևը, սակայն հեռուստաընկերությունից ցանկություն են հայտնել շարք անել։ «Այս փուլում նախատեսում ենք 4 հաղորդում թողարկել։ Առաջին հաղորդումն ընդհանուր է լինելու, երկրորդում հյուրը կլինի իմ հաճախորդը, ում հետ կզրուցենք՝ ինչպես է նիհարել, ինչու է դիմել ինձ, ինչ դժվարություններ է ունեցել, քանի որ դիետա պահելիս լինում են պոռթկման պահեր։ Երրորդ հաղորդման հյուրը կլինի արտերկրից՝ Գերմանիայից կամ Շվեդիայից իմ հաճախորդը, ով կպատմի, թե ինչպես է կարողանում նիհարել տարածության վրա։ Չորրորդ հաղորդման ժամանակ դիետիկ մի բան կպատրաստեմ և կներկայացնեմ՝ ինչն ինչի հետ չի կարելի ուտել, որ ժամին ինչ չի կարելի ուտել»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ չգիտի՝ հետագայում հաղորդումն ինչ ճակատագիր կունենա, քանի որ մոտ տասն օրից աշխատանքային առաջարկով մեկնելու է Մոսկվա։
«Ինձ առաջարկել են աշխատել այն ֆիթնես ակումբում, որտեղ ժամանակին մարզվել եմ։ Նրանք տեսել են, թե ես ինչ կարճ ժամանակում ինչ արդյունք եմ գրանցել։ Երբ առաջին անգամ գնացի մարզասրահ, փորիս ահավոր ճարպ կար, հիմա նույնիսկ մկաններ ունեմ, թեև 1 տարի էլ չկա, ինչ սպորտով եմ զբաղվում։ Նրանք ուզում են հասկանալ՝ ես ինչ եմ արել, գուցե նոր մեթոդներ ունեմ։ Այնտեղ ճիշտ սննդակարգի մեծ դպրոց կա, ցանկանում են, որ ես էլ բաց դասեր վարեմ, մոտիվացնեմ կանանց, մասնավորապես՝ հետծննդաբերական շրջանում»,- ասաց Լիլիթը, ով իրեն դիետոլոգ չի համարում։ նա առաջնային է համարում մարդու մոտիվացիան և խոստովանում է, որ հաճախ իր հաճախորդները ոչ թե սննդակարգ սահմանելու, այլ մոտիվացիա ստանալու համար են դիմում իրեն։
«Ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ դա միայն գեղեցկություն չէ, դա նաև առողջություն է։ Արդեն մի քանի ամիս է՝ Երևանում եմ և հասկանում եմ, որ մարդկանց 90 տոկոսն ուղղակի սարսափելի են նիհարում։ Հեռու չգնամ՝ իմ ամուսինը»,- ասաց նա ու հավելեց, որ կարողացել է Ալեքսանդրի համար էլ սննդակարգ սահմանել։ Որոշ ժամանակ առաջ դերասանն ասում էր, որ թեև նիհարելու ցանկություն ունի, չի կարողանում հաջողություններ գրանցել, հիմա արդեն նա կնոջ խիստ վերահսկողության տակ է:)
«Տղամարդու համար դա ավելի դժվար է, քան կնոջ. երկար ժամանակ նա չէր կարողանում սննդակարգ պահել, սակայն արդեն մեկուկես ամիս է՝ ստացվում է։ Իհարկե երբեմն մենք վիճում ենք, նա ուզում է ուրիշ բան ուտել, ես ասում եմ՝ մի շեղվիր քո նպատակից։ Տանը պատրաստում եմ բացառապես դիետիկ սնունդ։ Մեր տանն իսպառ բացակայում է շաքարավազը, սովորական հացը։ Երբ հյուր ենք ունենում, երբեմն նույնիսկ անհարմար իրավիճակ է ստեղծվում, սակայն ես այդպես եմ անում, որ եթե տանը չլինեմ, նա չդիմանալու խնդիր չունենա։ Դժվարն առաջին մեկ ամիսն է, հետո արդեն օրգանիզմը սովորում է»,- նկատեց դերասանի կինը։
Հաջորդ տարի Լիլիթը նախատեսում է հրատարակել իր գրքի երկրորդ մասը։ Նա նշեց, որ առաջին գիրքն ընդհանուր է՝ ավելի շատ ստիմուլ է հանդիսանում, բայց ոչ ուղեցույց, իսկ երկրորդը կլինի ավելի առարկայական։