Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:
«Բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ ընկերություններ, անձրևային եղանակով պայմանավորված, փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները, ինչն անթույլատրելի է: Նրանց հետ ունեցած պայմանագրերում հստակ սահմանված է գործունեություն ծավալելու սեզոնային բնույթի պահանջը: Սա վերաբերում է նաև բացօթյա առևտրի այն տեսակներին, որոնք թույլատրված են օրենքով: Ըստ այդմ, խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու բացառեք նմանատիպ ծածկերով սահմանազատման ցանկացած փորձ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 46 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի 21 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Իրավաբանական վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ վարչական արձանագրություններ են կազմվել չնախատեսված վայրերում աղբը թափելու 75 դեպքի մասով:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտական փուլում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները՝ խիստ վերահսկողության տակ պահելով կատարվող աշխատանքի որակը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ տարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, կգործեն ամեն օր: Ըստ այդմ, առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն