Կարևոր իրադարձություններ

Հրանտ Դինքի սպանության մեղադրականում ոստիկանության 2 պաշտոնյայի համար ցմահ ազատազրկում է պահանջվում

26 Հոկտեմբեր, 2015 11:21
Հրանտ Դինքի սպանության մեղադրականում ոստիկանության 2 պաշտոնյայի համար ցմահ ազատազրկում է պահանջվում

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեղադրականում սպանության մասին նախապես տեղեկացված լինելու եւ կանխամտածված սպանությանն օժանդակելու հիմավորումներով ցմահ ազատազրկում է պահանջվում սպանությունը կատարվելու ժամանակ Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի և հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերի համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն՝ փոխանցում է «Ջումհուրիեթ» թերթը։

Նրա խոսքով` Դինքի սպանությունը կազմակերպելու մասին անվտանգության լիազոր պաշտոնյաների տեղեկացված լինելու հիմնավորմամբ հետաքննության շրջանակում պատրաստված մեղադրականում «պարտականությունները վատ կատարելու» մեղադրանքով 6 տարվա ազատազրկում է պահանջվել այդ ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջեռահի և ոստիկանության հետախուզական վարչության պետ Սաբրի Ուզունի նկատմամբ:

Դատախազ Սավջը Քյոյքչուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազություն ներկայացված մեղադրականում «ծրագրված կերպով սպանությանն աջակցելու», «պաշտոնական փաստաթղթեր կեղծելու», «պաշտոնական փաստաթուղթ վերացնելու և թաքցնելու», «պարտավորությունները վատ կատարելու» մեղադրանքներով դարձյալ կալանավորելու պահանջ է ներկայացվել ավելի վաղ ձերբակալված և հարցաքննությունից հետո ազատ արձակված անվտանգության ևս 9 կասկածյալ աշխատակիցների նկատմամբ: Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են, որպեսզի մեղադրականում ներառնվեն նաև գործով անցնող այլ կասկածյալ ոստիկանապետեր:

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Լրահոս

Դիտել ավելին