Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չպետք է հույսեր կապի ՀԱՊԿ-ի հետ

08 Հոկտեմբեր, 2015 15:10
Հայաստանը չպետք է հույսեր կապի ՀԱՊԿ-ի հետ

Shabat.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

-Պարո՛ն Վարդանյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին և ասել է, որ Հայաստանի բանակն ունի այն բոլոր հնարավորությունները՝ անվտագությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու համար:

Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ, արդյո՞ք այս պատասխանն արդարացնում է ՀԱՊԿ-ի լռությունը սահմանային լարված օրերին չարձագանքելու համար:

Բորդյուժայի հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ այդ կառույցը այդքան էլ կենսունակ չէ և չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անուղղակիորեն հասկացնել տվեց, որ Հայաստանը մոտ ապագայում էլ չպետք է առանձնակի հույսեր դնի ՀԱՊԿ-ի վրա: Սակայն այստեղ կա նաև ՀՀ իշխանությունների մեղքը, որոնք Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանային բնակավայրերը ռմբակոծելու դեպքում չեն դիմում ՀԱՊԿ-ին` այդ կազմակերպությունից պահանջելով զսպել Ադրբեջանի իշխանություններին:Այն, որ Ադրբեջանի կողմից կատարվող ոտնձգությունների դեպքում ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանին վաղուց արդեն գիտեն նաև Բաքվում: Մասնավորապես, այս տարվա հունվարին, երբ իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին և երկուստեք զոհեր եղան, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանին չի հաջղովի կոնֆլիկտի մեջ ներգրավել այլ միջազգային կազմակերպություններին, այդ թվում և ՀԱՊԿ-ին:

-Բորդյուժան խոսել է նաև այն մասին, որ ՀԱՊԿ ակադեմիա կառուցելու աշխատանքները դադարեցվել են, քանի որ ոչ բոլոր անդամներն են համաձայնել առաջարկին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է դադարեցվել աշխատանքները և սա կապ ունի՞ Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ակադեմիայի կառուցման աշխատանքներին, ապա կարծեմ ՀԱՊԿ անդամ այլ երկրներ ևս չեն կատարում ֆինանսական հատկացումներ և դա Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ որևէ կապ չունի:

-Մի շարք վերլուծաբաններ նշում են, որ ՀԱՊԿ այդքան էլ լուրջ կառույց չէ, որպեսզի կարողանա նման հարցերին միջամտել: Այս հարցի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի լուրջ կամ ոչ լուրջ կառույց լինելուն, ապա պետք է նկատել, որ այդ կազմակերպությունում գերիշխող դիրք ունի Ռուսաստանը, և ՀԱՊԿ-ը ստեղծվել է Մոսկվայի աշխարհաքաղաքան շահերը սպասարկելու համար: Այն ավելի շուտ ստեղծվել է ի հակակշիռ ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե այլ երկրների, ասենք Ադրբեջանի: Իսկ ահա ՀԱՊԿ անդամ այլ երկրները այդքան էլ չեն կարևորում այդ կազմակերպությունը և իրենց ստանձնած պարտավորությունները: Օրինակ մենք բազմիցս ականատես ենք եղել թե ինչպես է Ղազախստանը տարբեր միջազգային կազմակերպություններում պաշտպանում Ադրբեջանի շահերը: Համենայն դեպս, Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու դեպքում դժվար է պատկերացնել, որ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը կմտնեն պատերազմի մեջ Ադրբեջանի դեմ: Այստեղ վճռական նշանակություն կունենա թե որքանով է Կրեմլի շահերից բխում պաշտպանել Հայաստանին որքանով` ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին