Կարևոր իրադարձություններ

Հավատամ, թե՞ չէ. նախարարը չի հավատում, ազատամարտիկը պնդում է, Հայրապետյանը երկրում չէ

22 Հոկտեմբեր, 2015 15:34
Հավատամ, թե՞ չէ. նախարարը չի հավատում, ազատամարտիկը պնդում է, Հայրապետյանը երկրում չէ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը չի հավատում, որ Հայաստան- Ալբանիա խաղը վաճառված է եղել:
Այսօր կառավարության նիստից հետո նախարարը բավականին խառը և հակասական զրույց ունեցավ լրագրողների հետ ու հեռացավ:
«Ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում ՀՖՖ-ում»,-ասաց նախարարը, հետո երբ նրանց հիշեցրին, որ ինքը որպես նախարար պետք է տեղյակ լինի, նա վրա բերեց, որ տեղյակ է, յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է կատարվում:

Ղազարյանի բավականին ուշագրավ հայտարարությունները թեև զավեշտալի են, բայց թերևս նաև իրականությունից ոչ այդքան հեռու:
Եթե հաշվի առնենք, թե ով է նախագահում ՀՖՖ-ն, ապա կարող է այնպես լինել, որ նախարարը այնքան էլ լավ տեղյակ չլինի, թե ինչ է կատարվում այնտեղ:
Ռուբեն Հայրապետյանն, ինչպես հայտնի է, բավականին կտրուկ գործիչ է և բացառված չէ, որ իր ղեկավարած կառույցում միայն ինքն է ու իր որոշումները:
Հայրապետյանի անվան շուրջ աղմկալի պատմությունները շրջանառվում են մեկը մյուսից հետո, դեռ չէր մոռացվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի միջադեպը, երբ արդեն նրա անվան շուրջ են պտտվում ծախված խաղի մասին: Մինչ նախարարը չի հավատում, որ Հայրապետյանը կարող է խաղը ծախել, ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը պնդում է, որ իր հետ տեղի ունեցածի հետևում կանգնած է հենց Հայրապետյանը: Հաշվի առնելով պատմությունների հաջորդականությունը, կամա թե ակամա, դրանք շրջանառվում են միասին:

Հայաստան-Ալբանիա աղմկահարույց խաղի շուրջ կրքերն էլ ավելի բորբոքեցին նաև միջազգային լրատվամիջոցների անդրադարձը: Մասնավորապես սերբական և ալբանական լրատվամիջոցները սենսացիոն լուրեր տարածեցին, թե Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին խաղում Ալբանիայի ազգային հավաքականը հայկական ընտրանու նկատմամբ առավելության է հասել ոչ ազնիվ պայքարում: Սերբական telegraf.rs-ը և ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշում էին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանին 2 մլն եվրո է վճարել հաղթանակը գնելու համար:Այս պատմություններից զատ էլ, երեկ հայտնի դարձավ, որ Հայրապետյանը ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության:

Սակայն նրանից որևէ մեկնաբանություն ստանալ այդ մասին այդպես էլ չհաջողվեց, բավականին կոպիտ խոսելով մեզ հետ նա պարզապես ասաց, որ ինքը Հայաստանում չէ, Գերմանիայում է և որպեսզի չվիավորի, սովորության համաձայն, պարզապես անջատեց հեռախոսը:

Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ պատմությունները, ուզած թե չուզած շարունակվում են և կապ չունի, ինչին է հավատում նախարարը, ինչ է պնդում ազատամարտիկը և անգամ ինչ են գրում լրատվամիջոցները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին