Կարևոր իրադարձություններ

Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները

22 Հոկտեմբեր, 2015 14:46
Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները

2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):

Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով.

· ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,

· հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,

· սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,

· փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,

· համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,

· ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,

· սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,

· սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,

· առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,

· կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,

· միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,

· վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,

· հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,

· աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,

· կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին