Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է փրկարարական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացը

24 Մարտ, 2025 18:00
Ավարտվել է փրկարարական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացը

Մարտի 10-ից 12-ը Ներքին գործերի նախարարության Կրթահամալիրի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպվել և անց է կացվել «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 24-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Փրկարար ծառայության Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային փրկարարական վարչություններից թվով 15 փրկարարական ծառայող:

Դասընթացը բաղկացած է եղել և՛ տեսական, և՛ գործնական փուլերից, որոնց նպատակն էր կատարելագործել փրկարարական ծառայողների մասնագիտական հմտությունները շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ծանոթացնել նորարարական մեթոդներին։ Տեսական դասընթացների ընթացքում փրկարարներին ներկայացվել են շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքների կազմակերպման, վտանգավոր տարածքներում հրդեհի հետախուզության կազմակերպման մեթոդական ցուցումները, սեղմված օդով մեկուսիչ շնչառական ապարատների կառուցվածքը, ստուգումները, շահագործման անվտանգության կանոնները, խնամքը, բալոնների օդի ճնշման ստուգման հաշվարկները, ինչպես նաև հրդեհի վայրում գազածխապաշտպան օղակի կողմից կատարվող աշխատանքների անվտանգության ապահովմանն ուղղված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել դասընթացի գործնական մասին, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Մասնավորապես գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները՝ հակածխային օղակի կազմով, կազմակերպել և իրականացրել են սահմանափակ և վտանգավոր տարածքներում սեղմված օդով մեկուսիչ շնչառական ապարատներով տեղաշարժման, ինչպես նաև շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքներ:

Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքներ իրականացնելիս կարևոր է ճիշտ պլանավորումն ու հատուկ տեխնիկայի կիրառությունը, որպեսզի փրկարարները կարողանան ապահով կերպով մտնել վտանգավոր տարածքներ, ինչպես նաև կարողանան ապահովել իրենց և մյուսների անվտանգությունը: Նմանատիպ դասընթացների ժամանակ փրկարարները ոչ միայն զարգացնում են իրենց տեսական գիտելիքները, այլև ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ մասնագիտացված սարքավորումներով և տեխնիկայով աշխատելու համար, որոնք հնարավորություն են տալիս վերջիններիս լիարժեք կատարելու իրենց գործառույթները՝ չդիտարկելով միջավայրի վտանգավորությունը:

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ մասնակիցները ստացել են հավաստագիր-վկայականներ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին