Մարտի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանի մոտից։
Հիվանդանոցից ոստիկանները ժամանել են նշված գազալցակայան, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է կասկածյալի ինքնությունը: Վերջինը Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու համար աշխատանքներ են իրականացվում։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները նաև հայտնաբերել են դեպքին ականատես անձանց, որոնց ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում: