Երեկ՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշումով «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հայկուշ Հ․-ն, 34-ամյա Նարինե Գ․-ն, 36-ամյա Մարինե Գ․-ն, 5-ամյա Ս․ Զ․-ն, 3-ամյա Դ․ Զ․-ն և 45-ամյա Մարտիրոս Զ․-ն ովքեր նշված թունավորումը ստացել են շմոլ գազի արտահոսքից:
Ոստիկանները պարզել են նաև, որ մարտի 18-ին ժամը 20։00-ի սահմաններում Շահումյան փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի շմոլ գազի արտահոսքի հետևանքով վերը նշված անձանց ինքնազգացողությունները կտրուկ վատացել և տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «էկզոգեն թունավորում»:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: