Հունվարի 22-ին Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել բացման խոսքով Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի նախագծի քննարկմանը:
Քննարկմանը մասնակցել են բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հաշվետու ժամանակաշրջանում Արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներին և զեկույցում արտացոլված տվյալներին:
Հատուկ շեշտադրվել են իրավահավասարության ապահովման, խտրականության արգելքի և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ինչպես օրենսդրության լավարկման, այնպես էլ հանրային իրազեկումների և վերապատրաստումների միջոցով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք դիտարկումներ և առաջարկություններ զեկույցում արծարծված թեմաների ներքո ներկայացված տեղեկատվության վերաբերյալ: Իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների կողմից զեկույցի ամփոփ բովանդակության ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը:
Զեկույցը կամփոփվի և կներկայացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: