ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում ես մի քանի րոպեում մինչև 100 հազար դրամ ստանալ՝ լրացրու հայտարարագիրդ։
Այո՛ այո՛, սիրելի օրինապահ քաղաքացիներ, որքան էլ անհավատալի թվա գրածս, բայց տարեկան հայտարարագիրդ լրացնելուց հետո, «պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը», «քեզ տուգանքի մատերիալ կդարձնի», ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին մանիպուլացնել մեզ, ԱՅԼ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿԸ․ ՊԵԿ-ը բանկային հաշվիդ կփոխանցի մինչև 100 հազար դրամ, նախորդ տարում կատարածդ առողջապահական կամ կրթական ծախսերիդ համար։
Համընդհանուր հայտարարագրումը տվյալ ժամանակահատվածում հարկերը վճարած օրինապահ քաղաքացու համար՝
1․ Որևէ նոր հարկային պարտավորություն չի առաջացնում։
2․ Որևէ նոր հարկատեսակ չի ավելացնում։
3․ Որևէ գումար չի գանձվում հարազատից, ընտանիքից, բարեկամից, խնամի-ծանոթ-ընկեր-քահավոր-սանիկից ստացած գումարի համար։
Այս շարքն այսքանը չէ։ Առաջիկայում առանձին կանդրադառնամ, թե որ ստացած գումարները նույնպես ինչպես ենթակա չեն եղել, այնպես էլ հիմա ենթակա չեն որևէ հարկման։
Նորից եմ կրկնում՝ այն, ինչի համար դու պարտավոր էիր հարկվել և արդեն հարկվել ես նախորդ տարում, այս հայտարարագրումով քեզնից որևէ լումա չի գանձվելու»: