Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում, ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների:
Արշավի շրջանակում 2024 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ն իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ:
Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի՝ ինչո՞վ է վտանգավոր կոռուպցիան, ինչպե՞ս է այն դրսևորվում, ի՞նչ է հովանավորչությունը, ինչպե՞ս պայքարել հովանավորչության դեմ, ի՞նչ է բարեվարքությունն ու ինչպե՞ս ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին:
Ուսանողները կարծիք են հայտնել, որ կոռուպցիան մարդկանց զրկում է հավասար հնարավորություններից, խոչընդոտում է պետության զարգացմանը, պետության մեջ պետություն է ստեղծում, վտանգում է ազգային անվտանգությունը և այլն:
Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա մարտահրավերներին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է մտածողության փոփոխության անհրաժեշտությունն ու նշել. «Մեր խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք արդարադատություն իրականացվի, բայց ոչ մեր նկատմամբ»:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաև դատախազների հանրային հաղորդակցության հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին, իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժեշտությանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում Դատախազության իրականացրած աշխատանքներին և այլն:
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների, դատարան ուղարկված գործերի, դատավճիռների ու վերականգնված վնասի վիճակագրությունը:
Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով քննված քրեական վարույթներից վերոնշյալ ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 131 քրեական գործ՝ 287 անձի վերաբերյալ: Ավարտված գործերով վերականգնվել է 532 միլիոն 568 հազար դրամ: 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարաններում ավարտվել է կոռուպցիոն բնույթի 91 քրեական գործ` 146 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 88-ով` 140 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, 3 գործով 6 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ (ներկայացվել են վերաքննիչ բողոքներ):