Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ոստիկանները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա նռնակը չպայթեցնի։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տղամարդու ինքնությունը։ Թե ի՞նչն է եղել պատճառը, որ նա փորձում է նման քայլի դիմել, պարզվում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն հաջողվում է վնասազերծել տղամարդուն և ոստիկանների գործողությունների շնորհիվ նա չի կարողացել գործի դնել նռնակը։
Արդեն տեղում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։
Այս պահին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, փորձում են նռնակները վնասազերծել և տեղափոխել անվտանգ վայր։