Այսօր կայացել են նաև մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու մրցանակակիրների պարգևատրությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը և ազատոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը:
60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանն առավելության է հասել Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տերտերյանը 67 կգ քաշայինների եզրափակչում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իրանցի ըմբիշի նկատմամբ: 65 կգ քաշայինների եզրափակչում Ավետիսյանը գոտեմարտել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հետ և դրամատիկ գոտեմարտում 9:7 հաշվով փայլուն հաղթանակ տարել:
Աղջիկների պայքարում 53 կգ քաշային Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին ու դարձել արծաթե մեդալակիր (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։ Մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել նաև ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը՝ եզրափակչում 4:8 հաշվով զիջելով Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 8:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին և դարձել բրոնզե մեդալակիր: Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը. բրոնզե մեդալի համար պայքարում նա 9:1 հաշվով առավելության է հասել Հորդանանի ներկայացուցչի նկատմամբ։
Մեկնաբանելով հայ մարզիկների գրանցած արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ին մրցունակ թիմ է մասնակցում, որը միայն հաղթանակների է ձգտելու. «Տեսնում եմ նվիրվածություն, պայքարի ունակություն: Մարզիկները շատ լավ տրամադրվածություն ունեն: Թիմը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ամբողջովին պատրաստ է: Առաջին իսկ օրվա արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ մեր կողմից հիանալի թիմ է մասնակցում այս առաջնությանը: Մենք հաղթում ենք և ապացուցում, որ շատ ուժեղ ենք: Առաջնությանը մասնակցում ենք միայն հաղթանակի համար»:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը: Մուտքն ազատ է: