ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու Բաքվի ակնկալիքների հարցին:
«Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին»,-հայտարարել է վարչապետն՝ ընդգծելով.
«Խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն վերաբերում է նաև հայելային Ադրբեջանին:
Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում, և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»։