Կարևոր իրադարձություններ

Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում խնդիրները բազմաթիվ են. ՄԻՊ-ն՝ ԱԺ-ում էր

11 Նոյեմբեր, 2024 18:30
Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում խնդիրները բազմաթիվ են. ՄԻՊ-ն՝ ԱԺ-ում էր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում մասնակցել է խորհրդարանական լսումների՝ «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով:

Քննարկումը նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ 2025 թվականին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենալու Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկումը:

Իր խոսքում Անահիտ Մանասյանը անդրադարձել է երեխաների իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք զետեղվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան, արտահերթ հրապարակային զեկույցների, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեին ներկայացրած այլընտրանքային զեկույցի շրջանակում:

Դրանց շարքում առաջինը Պաշտպանն անդրադարձել է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված խնդիրներին,  դրանք միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ պատշաճ հասցեավորելու և յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու տեսանկյունից։

«Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ իրավասու մարմինները շատ հաճախ օժտված չեն համապատասխան մասնագիտական գիտելիքներով և հմտություններով՝ բացահայտելու, կանխարգելելու և արձագանքելու երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության տարբեր դեպքերին, չի ապահովվում պատշաճ միջգերատեսչական համագործակցություն», - արձանագրել է Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության, նախադպրոցական կրթության իրավունքի ապահովման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման,  հաշմանդամություն ունեցող երեխաների  իրավունքների ապահովման, ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի և այլընտրանքային խնամքի կազմակերպման հետ կապված մի շարք խնդիրների։

«Երեխաներն իրականում շատ հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են: Հետևաբար, կարևոր կլինի, որ իրավունքների պաշտպանության նպատակով մեր ջանքերը մեկտեղելուց բացի յուրաքանչյուրս ունենա երեխաների համար օրինակելի վարքագիծ», - նշել է Անահիտ Մանասյանը:

Ամփոփելով՝ Պաշտպանը շեշտել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում խնդիրները բազմաթիվ են և դրանք հնարավոր է լուծել միայն համատեղ ջանքերով։

 

Լրահոս

Դիտել ավելին