Կարևոր իրադարձություններ

Առնվազն տարակուսելի է, որ Ագրարայինում տեղյակ չեն եղել, թե համատեղ ինչ ծրագրեր են իրականացնում. նախարարության անդրադարձը` մամուլի հրապարակմանը

07 Նոյեմբեր, 2024 13:06
Առնվազն տարակուսելի է, որ Ագրարայինում տեղյակ չեն եղել, թե համատեղ ինչ ծրագրեր են իրականացնում. նախարարության անդրադարձը` մամուլի հրապարակմանը

Լրատվականներից մեկը երեկ հոդված էր հրապարակել, որում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ վերապատրաստումներ իրականացնելու մասին, որակել է ապատեղեկատվություն: Համալսարանից էլ, ըստ լրատվամիջոցի, նշել են, թե նման վերապատրաստման ծրագիր չկա:

Հայտնում ենք, որ առնվազն տարակուսելի է, որ պատասխանատու մարմնում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, տեղյակ չեն եղել, թե համատեղ ինչ ծրագրեր են իրականացնում, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ նման վերաբերմունքը վերապատրաստման ծրագրերին կարող է ուղիղ ազդեցություն ունենալ նաև դասընթացների որակի և արդյունավետության վրա:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կնքված է պայմանագիր՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում «Պատվաստող (վակցինատոր)՝ գյուղատնտեսական կենդանիների» պատրաստման հնգօրյա և վերահավաստագրման երկօրյա դասընթացների կազմակերպման վերաբերյալ։ Դասընթացի շրջանակներում վերապատրաստված անձինք կարող են որպես վակցինատոր բնակավայրերում պատվաստումներ իրականացնել:

Բացի այդ՝ ՀՀ Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 995-Լ որոշման համաձայն նախատեսվում է հաջորդ տարիներին կազմակերպել շարունակական վերապատրաստման դասընթացներ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտնել էր, որ պատրաստ է կազմակերպել անասնաբույժների «Դաշտային համաճարակաբանության վերապատրաստման ծրագիր» պիլոտային դասընթաց: Պիլոտային դասընթացին աջակցության իր համաձայնությունն է հայտնել նաև ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի իրականացնող CH2M/Jacobs կազմակերպությունը:

Դասընթացները կմեկնարկեն 2025 թ. փետրվար ամսից:

ՀՀ Ագրարային համալսարանի հետ իրականացվում է նաև «Սպանդանոցների անասնաբույժ փորձագետի վերապատրաստման ծրագիր» 6 շաբաթյա դասընթացը, որից հետո տրվում է սերտիֆիկատ։

Վերը թվարկած փաստերը խոսում են այն մասին, որ ապատեղեկատվություն տարածողին պետք է փնտրել այլ վայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին