Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը, իր կողմից շահագործվող «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, Արմավիրի մարզի «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36–ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող ճանապարհին գտնվող կամուրջի մոտ վերջիններիս միջև փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում սկսել են փոխադարձ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին։
Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում 36–ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած դանակով հիշյալ ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս արմունկին և փորձել դիմել փախուստի։
Սակայն վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
41–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է։