Կարևոր իրադարձություններ

«Հայհիդրոմետ»-ի ներկայացուցիչները մասնակցել են համառուսաստանյան միացյալ օդերևութաբանական և հիդրոլոգիական համագումարին

05 Նոյեմբեր, 2024 19:23
«Հայհիդրոմետ»-ի ներկայացուցիչները մասնակցել են համառուսաստանյան միացյալ օդերևութաբանական և հիդրոլոգիական համագումարին

Հոկտեմբերի 29-31-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց շրջանակներում անց է կացվել նաև 8-րդ համառուսաստանյան միացյալ օդերևութաբանական և հիդրոլոգիական համագումարը։ Միջոցառումներին մասնակցել են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։

Օդերևութաբանական և հիդրոլոգիական համագումարի հիմնական նպատակն էր կլիմայի փոփոխության համատեքստում օդերևութաբանական և հիդրոլոգիական գիտության և պրակտիկայի առավել հրատապ խնդիրների քննարկումը, օդերևութաբանության, կլիմայի, հիդրոլոգիայի և ջրային տնտեսության ոլորտում առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված գիտատեխնիկական և արտադրական ներուժի համախմբման առաջարկությունների մշակումը, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակներում գիտական համայնքների միջև փոխգործակցության զարգացման խնդիրների վերհանումը:

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը մասնակցել է նաև «Եղանակ-Կլիմա-Ջուր/Երկրի հեռահար զոնդավորում/Կանաչ տնտեսություն - 2024» թեմայով միջազգային ցուցահանդեսին և ֆորումին։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ցուցահանդեսին ներկայացված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ծանոթացել ժամանակակից սարքավորումների, մեթոդների, համակարգերի աշխատանքներին՝ այդ թվում Ռոսհիդրոմետի, Հիդրոօդերևութաբանական և բնապահպանական արդյունաբերության ասոցիացիայի (HMEI), «Մետեոկոնտեքստի» (Метеоконтекст), «Մեփ Մեյքեր» գիտաարտադրական կենտրոնի (Мэп Мейкер), «Handan Yantai» ՍՊԸ-ի և Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի, մասնագիտական ծառայությունների բարելավման, հիդրոօդերևութաբանական տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Աղետների ռիսկի և դիմակայունության հարթակի (UN-ESCAP DRR), «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության» (Ռոսհիդրոմետ), Չինաստանի օդերևութաբանական վարչության, Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության «Կազհիդրոմետ» հանրապետական պետական ձեռնարկության և Արաբական Միացյալ Էմիրությունների օդերևութաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են վաղ նախազգուշացման համակարգերի բարելավման խնդիրները, հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի ուղղությամբ երկկողմանի և բազմակողմանի համագործակցության զարգացման հնարավորությունները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին