Երևանում կանանց միջազգային ասոցիացիան (IWAY) դեկտեմբերի 1-ին կազմակերպում է իր 11-րդ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Ավանդաբար այս միջոցառմանը մասնակցում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դիվանագետների կանայք, հասարակական գործիչներ, սփյուռքահայ մեր հայրենակիցները, գործարարներ, տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ:
Միջոցառումը կրում է «Կանաչ Հայաստան. գիտակից կյանք» կարգախոսը՝ արժևորելով կայուն զարգացումն ու առողջ կենսակերպը:
Բարեգործական տոնավաճառն այս անգամ կանցկացվի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ Ամիրյան 1 հասցեում:
Բարեգործական նախաձեռնության արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Հայաստանի մարզերում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Դրանց հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ կամ հեռավոր գյուղերում ապրող կանանց, երեխաների և ընտանիքների արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ բարելավելով սոցիալական ենթակառուցվածքները:
«Իր գոյության 12 տարիների ընթացքում ամանորյա հաջողված տոնավաճառների շնորհիվ Երևանում կանանց միջազգային ասոցիացիան (IWAY) իրականացրել է ավելի քան 30 ծրագիր հատկապես սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերում ապրող կանանց ու երեխաների համար: Մենք այսօր կոչ ենք անում հովանավորներին ու գործընկերներին միանալ մեզ և մեզ հետ կիսել արդեն բարի ավանդույթ դարձած այս նախաձեռնությանը մասնակցելու ուրախությունը»,- ասում է կազմակերպության նախագահ Վիկտորյա Ղասաբյանը:
Միջոցառման ղեկավար Ռիթա Մինասեանի խոսքերով, այս տարվա ամանորյա բարեգործական ցուցահանդես-վաճառքն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցելու են նաև հասարակական այն կազմակերպությունները, որոնք Հայաստանում գործունեություն են ծավալում ի նպաստ կանանց իրավունքների, առողջ կենսակերպի ու գիտակից կյանքի, ինչպես նաև բնության պահպանության: «Մենք հույս ունենք, որ այս տարի ամենամյա բարեգործական տոնավաճառին կմիանան նաև Հայաստանում նոր հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունները»,-նշում է նա:
Հավելենք նաև, որ արդեն ավարտական փուլում է Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագիրը: Դպրոցը, որ ունի 250 աշակերտ և 30 աշխատակից, նաև հյուրընկալել է Արցախից հարկադիր տեղահանված ընտանիքների: Դպրոցի տանիքը նորոգվում է պետական միջոցներով, իսկ Երևանում կանանց միջազգային ասոցիացիան ապահովում է դռների ու պատուհանների նորերով փոխարինումը: Համագործակցելով այլ հասարակական կազմակերպությունների հետ՝ ասոցիացիան այս տարի մասնակցել է նաև Գեղարքունիքի Ճամբարակ համայնքի մանկապարտեզի վերանորոգմանը՝ հատկացնելով մահճակալներ և անհրաժեշտ անկողնային պարագաներ:
Տեղեկացնենք, որ անցած 2 տարիների ընթացքում ավելի քան 30 հազար ԱՄՆ դոլար (11 մլն դրամ) է ուղղվել Շիրակի մարզի Անիպեմզա բնակավայրի դպրոցի տանիքի նորոգման ու պատուհանները նորերով փոխարինելու ծրագրին: Հայ-թուրքական սահմանի անմիջապես հարևանությամբ գտնվող այս գյուղի համար կենսական նշանակություն է ունեցել միակ դպրոցի հիմնանորոգման ծրագիրը: