Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։
Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը համատեղ կազմակերպել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, CRS-ի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչությունը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն։ Կլոր սեղան-քննարկմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային կառույցների, տեղական ՀԿ-ների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ուղղությամբ ՀՀ տեսլականը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորությունները․ ընդգծվել է նաև սոցիալական բնակարանային այլ մոդելներով և ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ու մարմինների ներգրավման կարևորությունը։
ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական բնակարանային քաղաքականության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ նախարարության կողմից իրականացվում են քայլեր՝ ուղղված ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովմանն ու ոլորտի բարելավմանը՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների և անհատների կարիքները: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից են բնակարանով ապահովելու միասնական սոցիալական քաղաքականությունների հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև առանձին շինությունները սոցիալական բնակարանների վերափոխելու նպատակով դրանց ուսումնասիրությունները, գնահատումները և վերանորոգմանն ուղղված աշխատանքներ։
«Վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվում են քայլեր ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովման ու ոլորտի բարելավման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների կարիքները: Լիահույս եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայում գործող CRS-ի տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև մեր տեղական և միջազգային գործընկերների ջանքերի համատեղմամբ՝ կունենանք շոշափելի արդյունքներ»,- նշել է Աննա Ժամակոչյանը։
CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավար Սանելա Իմամովիչն իր խոսքում նշել է․ «CRS-ն ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություն է։ Մենք ուրախ ենք գտնվել Հայաստանում և աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերին՝ ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներդրման միջոցով լուծելու Հայաստանում տեղահանված անձանց և տեղացի խոցելի խմբերի բնակարանային կարիքները։ Վերջին տասնամյակում մեր կազմակերպությունը հաջողությամբ աջակցել է Բոսնիա և Հերցեգովինայի կառավարությանը՝ երկարաժամկետ տեղահանման հետ կապված հարցերը լուծելու գործում՝ ստեղծելով ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման համակարգը երկրում։ Մենք հավատում ենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի՝ մեր փորձը նպաստելու է Հայաստանում հասանելի, կայուն և երկարաժամկետ բնակարանային լուծումների մշակմանն ու իրականացմանը։ Ստորագրելով Փոխըմբռնման հուշագիրը ԱՍՀՆ-ի հետ՝ CRS-ը
հանձնառություն է ստանձնում՝ ապահովելու տեխնիկական աջակցություն քաղաքականությունների մշակման, ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման պիլոտային ծրագրի իրականացման և ռեսուրսների մոբիլիզացման միասնական գործողությունների նպատակով։ Սա ԱՍՀՆ-ի հետ համատեղ ճանապարհի սկիզբն է, որի շրջանակում մենք համագործակցելու ենք Հայկական Կարիտասի, Առաքելություն Հայաստան ՀԿ-ի, Ակցիա սովի դեմ ՀԿ-ի և տեղական փորձագետների հետ»։
Քննարկումը շարունակվել է ոլորտում կարիքների համապարփակ վերլուծության ներկայացմամբ և Բոսնիայում ներդրված՝ ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներկայացմամբ։ Հաջորդիվ ոլորտում իրենց կատարած և պլանավորված աշխատանքն են ներկայացրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR), ինչպես նաև ոլորտում դերակատար ՀԿ–ների ներկայացուցիչները։
Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները հանդես են եկել թեմայի վերաբերյալ առաջարկներով ու դիտարկումներով։