ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի առաջին փուլը հաղթահարած բոլոր ընկերությունների համար (48 ընկերություն) իրականցվող «Աքսելերացիոն ծրագրի» պաշտոնական մեկնարկի արարողությունը:
72 ժամ տևողությամբ աքսելերացիոն դասընթացի նպատակը ստարտափների հեղինակներին՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու հնարավորություն տալն է:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ շնորհավորելով ծրագրի առաջին փուլը հաղթահարած մասնակիցներին, ընդգծել է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի շարունակական զարգացման, հայաստանյան ընկերությունների միջազգային շուկա դուրս գալու, գործնական կապեր ձեռք բերելու և, ինչու ոչ, առաջատարներից մեկը դառնալու կարևորությունը:
Նախարարի տեղակալը նշել է նաև, որ ծրագիրն արդեն քանի տարի է ինչ իրականացվում է, և արդյունքներն ակնհայտ են:
Դասընթացի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել նաև «Գործք» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ պրոֆեսիոնալ դասախոսական կազմի փոխանցած գիտելիքների արդյունքում մասնակիցները կգրանցեն էական աճ և փոփոխություն:
Դասախոսական թիմի ղեկավար Սերգեյ Թանթուշյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ դասընթացները լինելու են հետաքրքիր, բովանդակային և արդյունավետ:
«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի առաջին փուլը հաղթահարած ընկերությունները կանցնեն երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլ, որի արդյունքում հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մինչև 29 շահառու դրամաշնորհների տեսքով կստանա ֆինանսավորում՝ բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդհայթայթման, ներդրողների առջև գործարար ծրագրի ներկայացման և այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում, ինչպես նաև իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և/կամ տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ):