Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 3 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել են Էլիդա Քոչարյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը:
60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանն առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ դարձել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Հայ մարզուհուն պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։
Տղամարդկանց պայքարում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եզրափակչում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիջաթ Հուսեյնովի նկատմամբ։ Գարբոյանը ևս երկրորդ տարին անընդմեջ դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը դարձել են արծաթե մեդալակիրներ:
Մեր ընտրանին հանդես է եկել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: