Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

20 Հոկտեմբեր, 2024 13:39
Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ:

Հայկական պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես անդրադառնալով նաեւ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Այս առիթով վիետնամական կողմն իր աջակցությունն է հայտնել երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացին:

«Վիետնամը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մեր երկրների միջեւ հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության խորացման համար»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր հարթակ է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության խթանման եւ միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ ԱԺ-ում գործում է Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբ: Հայկական կողմն ակնկալում է նմանատիպ խմբի ստեղծումը Վիետնամի խորհրդարանում:

Երկու օրենսդիր մարմինների միջեւ շփումների ակտիվացման առումով փոխադարձ այցերը չափազանց կարեւոր են: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է մոտ ապագայում սպասվող Ազգային ժողովի նախագահի այցին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ այն կծառայի երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացմանը եւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը:

Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում ջանքեր գործադրել Վիետնամի եւ ԵԱՏՄ-ի միջեւ արդյունավետ համագործակցության հարցում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը եւ բարձր է գնահատում նախորդ տարվա օգոստոսին ստացած դիտորդի կարգավիճակը:

Աժ փոխխոսնակն ընդգծել է նաեւ ՀՀ-ի արդյունավետ համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ միջազգային կազմակերպությունների շրջանակում: 

 

Լրահոս

Դիտել ավելին