Կարևոր իրադարձություններ

Նորարարական լուծում Վայոց ձորում. Ինչպես է FPWC-ն պաշտպանում և՛ արջերին, և՛ գյուղացիներին (լուսանկարներ)

10 Հուլիս, 2024 11:08
Նորարարական լուծում Վայոց ձորում. Ինչպես է FPWC-ն պաշտպանում և՛ արջերին, և՛ գյուղացիներին (լուսանկարներ)

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նորարարական լուծումներ է փնտրում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի հաղթահարման համար։ Այդ նպատակով FPWC-ն իրականացնում է գորշ արջերի արհեստական կերակրման ծրագիր՝ նվազեցնելու արջերի այցելությունները բնակավայրեր։ Այս մոտեցումը համահունչ է Բեռնի կոնվենցիայի սկզբունքներին։

Վայոց ձորում գորշ արջերի հաճախակի այցելությունները բնակավայրեր պայմանավորված են մի շարք գործոններով, ներառյալ կենդանիների սննդի և բնամիջավայրի կրճատումը։ Կլիմայական փոփոխությունները էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Արջերի այցելությունների հետևանքով բնակիչները և ֆերմերները զգալի վնասներ են կրում։ Օրինակ՝ 2024թ. ապրիլին արձանագրվել է 18 այցելություն Շատին գյուղ, իսկ մայիսին՝ 13 դեպք Շատինում և Սալլիում։ Վնասվել են ընտանի թռչուններ, գյուղատնտեսական կենդանիներ, մեղվափեթակներ և ծառեր։

Արհեստական կերակրման մեթոդը կիրառվում է խիստ անհրաժեշտության դեպքում՝ միայն մասնագետների ղեկավարությամբ և հսկողությամբ։ Նախնական արդյունքները խոստումնալից են. արջերի այցելությունների քանակը նվազել է, ինչը նշանակալի ձեռքբերում է։

FPWC-ն շարունակելու է մշտադիտարկել իրավիճակը և հրապարակել արդյունքները։ Ծրագիրն իրականացվում է Bears in Mind կազմակերպության աջակցությամբ։

Կարևոր է նշել, որ արհեստական կերակրման մեթոդը պահանջում է մասնագիտական գիտելիքներ և փորձ։ Հանրությանը խստիվ խորհուրդ է տրվում չիրականացնել նմանատիպ գործողություններ՝ չվտանգելով ո՛չ վայրի բնությունը, ո՛չ էլ սեփական անվտանգությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին