Կարևոր իրադարձություններ

Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդոյում կմասնակցի վերապատրաստման ծրագրի

04 Հուլիս, 2024 16:50
Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդոյում կմասնակցի վերապատրաստման ծրագրի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ագային նախարարության ենթակայության տակ գործող՝ կրթության ոլորտում փորձագիտության, վերապատրաստման, գնահատման և կառավարման միջազգային ծրագրեր իրականացնող France Education International (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների։ Արդեն իսկ հեռավար ձևաչափով մեկնարկած դասընթացի արդյունքում ընտրված 30 մասնագետները (16՝ մարզերից, 14՝ Երևանից) հուլիսի 14-27-ը Ֆրանսիայի Բորդո քաղաքում կշարունակեն իրենց վերապատրաստումը BELC ծրագրով:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունները: Նախարարի տեղակալը շնորհավորել է ուսուցիչներին և շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի ու մասնագիտական զարգացման գործընթացում առավել ակտիվ ներգրավվածության համար:

«Կարևորում ենք այս ծրագրի հնարավորությունն ու անհամբերությամբ սպասում արդյունքներին: Ծրագրի կայացման համար բավականին մեծ ջանքեր ենք գործադրել: Օտար լեզուների դասավանդման զարգացումը մեզ համար կարևոր թիրախ է և հանդիսանում է հանրակրթության պետական նոր չափորոշչի առաջնային ուղղություններից մեկը: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր երեխաները դպրոցն ավարտելիս կարողանան վարժ խոսել ու հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով: Հետևաբար, կարևոր է, որ օտար լեզու դասավանդող ուսուցիչները տիրապետեն ժամանակակից մանկավարժության մոտեցումներին ու մեթոդներին և այս համատեքստում՝ նաև  տեխնիկական միջոցների կիրառմանը: Այսօր, իսկապես, մարտահրավեր է ուսուցման գործընթացն այնպես կազմակերպելը, որ երեխան հետաքրքրված լինի դասերի միջոցով օտար լեզուներ սովորել, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները դրա բոլոր հնարավորությունները տալիս են»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու նաև հետաքրքիր և հագեցած ճամփորդություն մաղթել ուսուցիչներին:

Ծրագրին ուսուցիչների հաջող և արդյունավետ մասնակցությունը, նախարարի տեղակալի գնահատմամբ, կարևոր է նաև մյուս մասնագետների հետագա վերապատրաստումները կազմակերպելու տեսանկյունից: Մասնավորապես՝ այս տարվանից ուսուցիչների հերթական ատեստավորումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա. օտար լեզուների պարագայում այն վերաբերելու է ոչ թե լեզվի իմացությանը, այլ լեզվի դասավանդման մեթոդաբանությանը. «Եթե այս վերապատրաստման արդյունքում կունենաք, օրինակ, 3-րդ մակարդակի վերապատրաստողի կամ ուսուցչի կարողություն, բնականաբար, կարող եք ընդգրկվել վերապատրաստումների գործընթացում՝ որպես վերապատրաստող, օրինակ, երկրորդ մակարդակի ուսուցիչների համար: Վստահ եմ՝ ձեզ համար մասնագիտական գործունեություն ծավալելու ավելի մեծ հեռանկարներ կստեղծվեն»:

Մասնակիցներին հաջող վերապատրաստում է մաղթել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ ուսուցիչներին հորդորելով առավելագույնը քաղել վերապատրաստումների գործընթացից, որը կնպաստի անձնային աճի զարգացմանն ու կօգնի տեղայնացնել ֆրանսիական փորձը՝ ավելի արդյունավետ դարձնելով ուսումնական գործընթացը:

Նշենք՝ «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ, մեկնարկել է այս տարվա ապրիլից: Նախագծի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողներ: Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը:

Պիլոտային ծրագրի բացման միջոցառումը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կայացել է հունիսի սկզբին Ֆրանսիայի Սևր քաղաքում: Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային կրթության և երիտասարդության նախարարության  գործընկերների, ինչպես նաև FEI-ի թիմի հետ, այցելել կրթական հաստատություններ: 

 

Լրահոս

Դիտել ավելին