Կարևոր իրադարձություններ

Պարգևատրվել են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողները

01 Հուլիս, 2024 17:12
Պարգևատրվել են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին:

Մրցույթի շրջանակում 8 օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումների, ինչպես նաև բուն Օլիմպիական խաղերի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող:  Մրցութային 8 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 300 պատասխան:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հաղթողներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար: 

«Առջևում մեզ սպասվում է մարզական, թերևս, ամենագլխավոր իրադարձությունը, որը 4 տարին մեկ է տեղի ունենում: Ուրախ եմ, որ կարևորել ու ձեր մասնակցությունն եք ունեցել մրցույթին՝ հաջողության հասնելով: Սպորտը հիանալի զարգացնում է ռազմավարական մտածողությունը, կամքի ուժը, հոգեբանական մի շարք կարևոր հատկանիշներ, ինչպես նաև նպաստում է սոցիալականացմանը: Սպորտը, իսկապես, շատ հետաքրքիր աշխարհ է, որն անընդհատ բացահայտելու կարիք ունի»,-  նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ սպորտի հանդեպ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում միայն կավելանա և վարակիչ կլինի նաև իրենց դասընկերների համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար և մասնակիցներին կոչ արել զբաղվել սպորտով, թեկուզ՝ սիրողական մակարդակով. «Սպորտն առողջություն է, կեցվածք: Սպորտը նաև պայքարի տենչ է ու մարդու մեջ դաստիարակում է պայքարելու և հաղթելու ջիղը: Միշտ եղեք սպորտի մեջ ու ձեր ուժերը փորձեք նաև սիրողական մրցաշարերում»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց սպորտային նախասիրություններով:

ՀՊՄՀ հենակետային վարժարանի 12-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտ Հայկ Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով նմանօրինակ մրցույթների համար, կարևորել է հայ մարզիկների անցած ճանապարհի հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունները: Անդրադառնալով Փարիզ-2024-ից ունեցած սպասելիքներին՝ նա, մասնավորապես, նշել է.  «Ուղեգրերի թիվը, գուցե, շատ չէ, բայց նայելով մեր օլիմպիականներին՝ համոզվում ենք, որ շատ ուժեղ ու անվանի մարզիկներ ունենք, որոնցից առնվազն 4-ը ոսկե մեդալի իրական հավակնորդներ են: Հուսանք՝ հաջողությունը մեր մարզիկների կողմը կլինի»: 

Այնուհետև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրեր և խրախուսական նվերներ են հանձնել հաղթող մասնակիցներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի հետ կապված հեռանկարներին, Հայաստանում կազմակերպվող միջազգային խոշոր մրցաշարերին, սպորտի հանրահռչակմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև սիրողական մարզիկների համար նախատեսված «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սպորտի մրցաշարերին:

 

Լրահոս

Դիտել ավելին