«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փոքրուց էլ հանգիստ բնավորությամբ երեխա էր: Դպրոցում էլ շատ խելոք է եղել, սիրում էր ընկերների հետ խաղալ: Այդ տարիքից նվիրված է եղել ընկերներին: Դպրոցում սովորելու տարիներին ոչ մի անգամ մանկավարժները չեն դժգոհել իրենից, շատ կշռադատված ու խելացի երեխա էր: Դպրոցին զուգահեռ նաև ութ տարի պարի է հաճախել, պարում էր «Կարոտ» խմբում: Երբ սկսեց պարապել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար, պարի այլևս չէր հաճախում, քանի որ ուղղակի ֆիզիկապես չէր հասցնում: Չորս առարկա էր պարապում: Շատ խելացի էր, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր: Անգամ իր դասախոսն էր ասում, որ Վարդանն այնքան հասուն տղա է, որ կարողանում ես իր հետ հանգիստ կիսվել, զրուցել, անգամ խորհուրդներ ստանալ: Իր տարիքի համեմատ միշտ հասուն է եղել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիդան՝ Վարդանի մայրիկը:
«Հունիսի 12-ն իր ծննդյան օրն է: Ընկերները մինչ այդ արդեն գնացել էին բանակ, Վարդանն էլ ասաց՝ պետք է գնամ, իրենց հասնեմ: Դրանից առաջ գնացել, ակադեմիայի ռեկտորի հետ պայմանավորվել էր, ժամանակից շուտ հանձնել քննությունները: Նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել՝ հունիսի 12-ին 18-ամյակս լրանում է, հաջորդ օրվա համար կտաք իմ ծանուցագիրը, որ գնամ, հասնեմ ընկերներիս: Ծանուցագիրը վերցրել էր, եկավ տուն ու ասաց, որ հունիսի 13-ի առավոտյան գնում է»: Ու այդպես ինքնուրույն Վարդանը որոշումներ կայացրեց, քննությունները նախապես հանձնեց, որ րոպե առաջ զորակոչվի ծառայության և հասնի իր ընկերներին: Մայրիկի խոսքով, որդու ծառայության ընթացքը շատ լավ է անցել:
«Մյուս որդիս շատ ճարպիկ էր. երբ Վարդանն արդեն ծառայում էր, ասում էր՝ մա՛մ ջան, եթե կարող եք, ապերին ազատեք ծառայությունից: Զարմանում էի: «Մա՛մ ջան, ծառայության ընթացքում պետք է նաև զիջող լինես, բանակում իր համար դժվար կլինի»: Բայց ինքը երբեք չի տրտնջացել: 2014 թ.-ի դեկտեմբերին, երբ պետք է դիրքեր բարձրանային, ընկերն ասել է՝ մի տեսակ չեմ ուզում, որ դիրքեր բարձրանանք, Վարդանն արձագանքել է՝ «ո՞նց չգնանք, երբ անտառը սկսում է այրվել, թռչունն իր բույնի համար ոտքերը վեր պարզած պայքարում է, որ փրկի, ո՞նց չեք ուզում ձեր հողի համար դիրքեր բարձրանաք»: Մինչև դիրքեր բարձրանալը ինձ մի տետր էր ուղարկել, ամառային հագուստը. «Մա՛մ ջան, հագուստս կլվանաս, իսկ քեզ Նոր տարվա նվեր եմ ուղարկել»: Երբ հարցրեցի, թե ինչ է, արձագանքեց՝ կգա, կտեսնես: Նվերը հասավ ինձ: Բանաստեղծություններ էր գրել, նկարներ նկարել:
«Մա՛մ ջան, ամեն դիրք բարձրանալուց մի բանաստեղծություն եմ գրել: Վերջերս իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Փառահեղ տղան», լույս տեսավ»: Հայրենի Հովտաշենի միջնակարգ դպրոցը կրում է Վարդան Մկրտչյանի անունը, հենց այնտեղ էլ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Վարդանն անմահացել է 2015 թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը: «Վարդանն Ասկերանում էր ծառայում, Ակնայի դիրքերն էին պահում: Առաջնագծում ընկերոջ հետ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած են եղել: Մյուս կողմում բոլոը քնած են եղել: Թշնամու հինգ դիվերսիոն խումբ է եղել, որոնցից երկուսն արդեն ներթափանցած են եղել մեր տարածք: Դիրքերում շուն էր պահում, անունը՝ Լեդի: Երբ դիրքերից զանգում էր, ասում էր՝ մա՛մ, ես եմ պահել, մեծացրել: Երբ շունը սկսում է հաչել, Վարդանն ընկերոջն ասում է՝ ուրեմն, մի բան այն չէ, արի առաջանանք: Գլխարկը տալիս է ընկերոջը, խրամատի վերևից հասկանում է, որ թշնամու քանակը գերակշռում է:
Իջնում է, որ դիրքավորվի. «Թիկունքը պահենք, թուրքի առաջ փախնողը չեմ»: Ընկերոջն ասել է՝ քնածներին արթնացրու, ասա, որ շրջափակման մեջ ենք: Վարդանը, բնականաբար, չի իմացել, որ երկու խումբ արդեն «ներսում» է, ու սկսել է ականապատել հաց, զինվոր տեղափոխելու համար օգտագործվող ճանապարհը»: Վարդանը սկսում է իր մարտը, փամփուշտները վերջանում են, վիրավորում է ստանում, բայց հասցնում է երկու նռնակ նետել թշնամու մեքենաների վրա: Մինչև օգնության են հասնում Վարդանին, արդեն ուշ է լինում: Ընտանիքը չի կարողանում մի վերջին անգամ տեսնել որդուն ու, ինչպես հարկն է, հրաժեշտ տալ նրան, համբուրել, գրկել, ավաղ, թշնամին իր «գազանի» բնույթն ի ցույց է դրել այս պարագայում ևս: Ճակատագրի հեգնանք է, թե ինչ, բայց դեպքից մեկ օր առաջ հեռուստաընկերություններից մեկը նկարահանում է կատարում դիրքերում, և տեսանյութում Վարդանը շնորհավորում է բոլորի Նոր տարին:
Հ. Գ. - Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԼՂ «Երախտագիտության», Արցախի՝ «Արիության համար» և Հայաստանի՝ «Արիություն» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Հովտաշենի գերեզմանատանը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: